Ալիևի կոչը. լավ և վատ նորություն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններին առավել սերտացնել կապերը հայրենիքի հետ, առավել ակտիվ լինել հայրենիքի խնդիրների հարցում, միավորվել, ամուր կամք դրսեւորել ղարաբաղյան խնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշումների սպասարկման համար: Այլ կերպ ասած՝ Ալիեւը ադրբեջանական «սփյուռքի» մոբիլիզացիա է հայտարարում, ինչը մի կողմից լինելով Հայաստանի, նաեւ հայկական սփյուռքի համար մարտահրավեր, մյուս կողմից նաեւ վկայում է որոշակի նոր իրողությունների մասին, որոնք կարող են դիտվել որոշակիորեն դրական երանգների մեջ:

Ինչի մասին է խոսքը: Լավ է, եթե Ալիեւը դիմում է ոչ թե, այսպես ասած, ադրբեջանական բանակին, այլ ադրբեջանական սփյուռքին: Դա նշանակում է, որ նա ինչ-ինչ պատճառներով սկսել է ավելի ու ավելի քիչ տեսնել բանակով հարց լուծելու հնարավորություն: Հետեւաբար, այս տեսանկյունից, իհարկե, հնարավոր է նրա հայտարարություններում նշմարել դրական տոներ, գուցե Ալիեւի համար էլ ակամա: Մյուս կողմից՝ սա, իհարկե, նոր մարտահրավեր է Հայաստանի եւ հայության համար: Ընդ որում՝ մարտահրավեր ոչ այն իմաստով, որ ադրբեջանցիները կսկսեն ակտիվորեն հակահայկական քարոզչություն վարել՝ օգտագործելով նաեւ նավթադոլարները, այլ պարզապես կարող են հայությանը ներքաշել ծուղակը: Ինչի մասին է խոսքն այս դեպքում:

Պարզունակացնելով խնդիրը՝ բերենք մի փոքր օրինակ. ադրբեջանցիները մեզ պարզապես կարող են սկսել աշխարհով մեկ ասել, օրինակ, «ավանակ», իսկ մենք էլ ի պատասխան կսկսենք նրանց ասել՝ «ավանակը դուք եք»: Կստացվի անիմաստ մի մրցավազք, որում պարզապես հնարավոր չէ, ինչպես ռուսները կասեին, перекричать, ավելի բարձր գոռալ եւ խլացնել նրանց: Մինչդեռ դա կարող է լինել հայկական սփյուռքի ներուժը մսխելու եւ անիմաստ այդ մրցավազքի վրա վատնելու լավագույն մարտավարությունը, որ կկիրառի Ադրբեջանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին հաշվով, ակնհայտ է, որ հայկական սփյուռքը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով որպես ցանցային կամ ինստիտուցիոնալ համակարգ շատ ավելի կայացած եւ կազմակերպված է, նույնիսկ ներհայկական կազմակերպությունների միջեւ շահերի բախման պարագայում: Հայկական սփյուռքը ունի տարբեր ազդեցիկ երկրների ազդեցիկ քաղաքական շրջանակների հետ հարաբերությունների հարուստ փորձ, մշակույթ, ավանդույթներ: Այդ ամենը լրջագույն քաղաքական ռեսուրս է, որ պահանջում է հայեցակարգային, խորքային օգտագործում: Այդ ռեսուրսը պարզունակ բղավելու վրա վատնելը կլինի պարզապես կարեւոր ներուժի ռազմավարական վատնում: Ադրբեջանի նախագահը գործնականում անում է հենց այդ կոչը՝ հասնել նրան, որ ի պատասխան՝ ռազմավարական վատնման ռեժիմի մեջ հայտնվի հայկական սփյուռքը: Ըստ այդմ՝ այստեղ է թերեւս գլխավոր մարտահրավերը, որը պետք է չեզոքացնել կամ որից պետք է խուսափել:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի այդ կոչի ֆոնին, ըստ էության, հայելային արտացոլումով առավել սրվում է հարցը, թե որքանով է արդյունավետ օգտագործվում հայկական սփյուռքի ահռելի ներուժը Հայաստանի պետական խնդիրները միջազգային ասպարեզում սպասարկելու հարցում: Այդ տեսանկյունից, անցնող 2017 թվականին տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովը, որի գրեթե ընթացքին զուգահեռ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրում ինքն արտահայտում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ հայության դիրքորոշումն ու մեսիջը, որ հղում է Հայաստան-Սփյուռք համաժողովը:

Դա գործնականում աննախադեպ հայտ էր ղարաբաղյան խնդրում եւ հայկական պետականության կենսագրությունում ընդհանրապես, երբ Հայաստանն ու հայկական սփյուռքը ներկայացվում են պետական մեկ միասնական դիրքորոշման համատեքստում: Սակայն ի՞նչ կոնկրետ նախաձեռնություններ եւ հայեցակարգ է հաջորդել, հաջորդում դրան, առայժմ պարզ չէ: Մինչդեռ Ալիեւի կոչը այդ խնդիրը Հայաստանի ու հայության համար դարձնում է հրատապ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով