2017-ին բնակարանով կապահովվի զոհված և հաշմանդամ զինծառայողների 223 ընտանիք. նախագիծ

ՀՀ կառավարության նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևանում 974 մլն 724 հազար դրամով ձեռքբերել 76 բնակարան և 525 մլն 276 հազար դրամ արժեքով ՀՀ մարզերում 147 ընտանիքի անհատույց տրամադրել բնակարանների գնման վկայագրեր:

Սա իրականացվում է ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված 1 մլրդ 500 մլն դրամ հատկացումների շրջանակներում:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է, որ հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրել 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2%-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ նախագահը հայտարարել էր, որ զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը:

Ավելի ուշ՝ հունիսի 28-ին, Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ նոր ֆինանսական աղբյուրների շնորհիվ ՊՆ-ն զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների՝ բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին բնակարան տալու ծրագիրը 3 տարվա փոխարեն կավարտվի մինչև 2017թ․ տարեվերջ։

Կառավարությունը, ուսումնասիրելով ֆինանսավորման հնարավորությունները, որոշել էր ճանապարհային խախտումներից գանձվող գումարների մի մասն (1 մլրդ) ուղղել այս խնդրի լուծմանը։

 

 

 

ռազմ.ինֆօ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով