Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած կներդրվի մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որն առավել հայտնի է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ պատվաստումներն իրականացվելու են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ինտերվալով: Ըստ նրա՝ վերջինս համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական դիրքորոշմանը, համաձայն որի պլանային պատվաստումներն առաջարկվում են 9-14 տարեկան աղջիկներին՝ 2 դեղաչափ սխեմայով: Նախատեսվում է պատվաստել 13 տարեկան 16 հազար աղջիկ:
Նշվեց նաև, որ միայն 2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 257 նոր դեպք (100000 կանանց հաշվով ցուցանիշը 16.4), որոնցից 153-ը՝ (59.5% ) 3-րդ և 4-րդ փուլերում: 2016 թվականին գրանցվել է 243 նոր դեպք (ցուցանիշը՝ 15.5): Սա նշանակում է, որ մեր երկրում հիվանդության դեպքերը հայտնաբերվում են շատ ուշացած փուլերում, որի արդյունքում մահացությունը բավականին բարձր է։