Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգեւատրել: Նա ստորագրել է համապատասխան կարգադրություն, որտեղ միաժամանակ պարգևատրել է նաեւ իր տեղակալներին:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետն ու իր տեղակալները պարգևատրվելու են մեկ ամսվա աշխատավարձի չափով: Մարգարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 478 հազար, իսկ մյուս երեք տեղակալներինը՝ 443 հազարական դրամ: Ու սա այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ու նրա տեղակալների աստղաբաշխական ունեցվածքների ու բիզնեսների մասին Հայաստանում լեգենդներ են շրջանառվում: Բավական է թերթել նրանց հայտարարագրերը, և ամեն ինչ պարզ կդառանա միանգամից:

Ի վերջո, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մի զգալի մասը դոլարային միլիոնատերեր են, որոնց ընտանիքի մեկ օրվա ծախսը մի քանի անգամ գերազանցում է իրենց աշխատավարձը: Մյուս կողմից՝ պարգեւատրումների կարգադրությունները կամ հրամանները հենց նույն այդ պաշտոնյաներն են ստորագրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի դժվար է պատկերացնել, թե ինչով են մտածում այն պաշտոնյաները, որոնք երբեւէ աշխատավարձով չեն ապրել, բայց չեն խորշում այն մտքից, որ իրենց եւ տեղակալների անունները եւս լինեն պարգեւատրվողների ցուցակում՝ գլխավորելով այն»:

 «Ժողովուրդ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով