Ռուսաստանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել աշխարհում քիմիական սպառազինության լիարժեք ոչնչացման ուղղությամբ ջանք գործադրել:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիդերլանդների Հաագա քաղաքում գումարված Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության (OPCW) անդամ երկրների համաժողովին հղած ուղերձում պահանջել է աշխարհում քիմիական սպառազինության լիարժեք ոչնչացումը:
Ռուսաստանի նախագահն այդ ուղերձում քիմիական սպառազինություն ունեցող բոլոր երկրներին կոչ է արել դրանց շտապ ոչնչացման համար դիմել ցանկացած քայլի, իսկ Քիմիական սպառազինության արգելման կոնվենցիայի օրինական ու միջազգային շրջանակից դուրս գտնվող երկրներից պահանջել է անմիջապես միանալ դրան:
Ռուսաստանը 2017 թվականի սեպտեմբերի 27-ին ոչնչացրեց իր քիմիական սպառազինության վերջին բաժինը, ինչը Պուտինի կողմից առավել պատասխանատու և կայուն աշխարհ կերտելու ուղղությամբ վերցված քայլ բնութագրվեց:
Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության (OPCW) անդամ երկրների 22-րդ համաժողովը մեկնարկեց նոյեմբերի 27-ին՝ Հաագայում և տևելու է մինչև դեկտեմբերի 1-ը: