Հայաստանի բրյուսելյան հաղթանակները

Նոյեմբերի 23-ին Բրյուսելում կայացած Եվրոպական Ժողովրդական կուսակցության գագաթաժողովի, իսկ նախօրեին՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի 5-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին:

Ամենակարևորը և պատմականը, թերևս, նոյեմբերի 24-ի երեկոյան Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի բարձր հովանու ներքո ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր: Երկար սպասված փաստաթուղթը ԵՄ-ի կողմից ստորագրեց ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, իսկ Հայաստանի կողմից` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը հայաստանյան քաղաքական և փորձագիտական հանրության մի ստվար հատվածը, հասարակությունն անհամբեր սպասում էր 2013 թվականի սեպտեմբերից, երբ անակնկալ կերպով տապալվեց երեքուկես տարի բանակցված ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճ ներկայացրին համաձայնագիրը լրագրողներին: Ֆեդերիկա Մոգերինին գոհունակություն հայտնեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ նշելով այն բոլոր ոլորտները, որոնք ներառված են փաստաթղթում: Նա ընդգծեց, որ համաձայնագիրը հիմնված է համատեղ հանձնառությունների վրա:

«Այս համաձայնագիրն առաջինն է իր տեսակի մեջ, քանի որ համաձայնագիրը կնքվում է մի կողմի հետ, որը ԵՏՄ անդամ է: Ներկայումս կարևոր է, որպեսզի այն վավերացվի, բոլոր օգուտները նկատելի լինեն, մենք համատեղ կաշխատենք վավերացման աշխատանքների համար, մենք մոնիտորինգի կենթարկենք վավերացման գործընթացը, որը պետք է տեղի ունենա»,- ասաց ԵՄ Բարձր ներկայացուցիչը: Վերջինս նաև ասաց, որ համաձայնագիրն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: «Մենք ամբողջովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին»,- ասաց Մոգերինին:

Իր հերթին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը դարձավ գագաթաժողովի ձեռքբերումներից մեկը: Ըստ նրա՝ այս լայնածաված՝ փաստաթուղթը Հայաստանի և Եվրամիության համատեղ հանձնառությունն է, որը նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում: Համաձայնագիրը, նախարարի համոզմամբ, ապահովում է այն իրավական հիմքը, որով ամրապնդվելու է քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Եվրամիության միջև:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համաձայնագրով կողմերը հաստատակամություն են հայտնում ամրապնդել համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին: Համաձայնագրով նպատակ է հետապնդվում խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը՝ և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունն ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները:

«Ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են սպառնալիքից կամ ուժի կիրառումից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և անձանց հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի Նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում. հաշվի առնելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառությունը»,- ասվում է համաձայնագրի ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածում:

Չնայած սպասումներին, որ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում ոչ հայանպաստ ձևակերպումներ կլինեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ, ընդունված հռչակագիրն աչքի է ընկնում հավասարակշռված և հատկապես ընդհանրական ձևակերպումներով:

Հարկ է նշել, որ մինչ գագաթաժողովը տևական ժամանակ խոսակցություններ և տեղեկություններ էին շրջանառվում, թե Կատալոնիայում հայտնի իրադարձությունների ֆոնին ԵՄ երկրները կպնդեն, որպեսզի Բրյուսելի գագաթաժողովի հռչակագրում տարածքային ամբողջականության սկզբունքը պարտադիր ամրագրվի և հատուկ շեշտադրությամբ առանձնացվի, ինչին ԱլԳ բոլոր գագաթաժողովների ընթացքում ադրբեջանական դիվանագիտությունն էր ձգտում՝ ջանալով հռչակագրից դուրս բերել միջազգային իրավունքի մյուս կարևոր սկզբունքները` առաջնահերթությունը տալով տարածքային ամբողջականության սկզբունքին:

Հաշվի առնելով ԱլԳ երեք երկրների տարածքային հակամարտությունները Ռուսաստանի հետ, ՌԴ-ԵՄ լարված հարաբերությունները, Հայաստանում որևէ մեկը կասկած չուներ, որ տարածքային ամբողջականության սկզբունքն այս անգամ այլ կարևորությամբ կընդգծվի, ունենալով այս անգամ ոչ միայն ԱլԳ չորս, այլև ԵՄ անդամ երկրների աջակցությունը: Սակայն, ի զարմանս փորձագիտական հանրության, հռչակագրում առանձնացված չէ որևէ սկզբունք: 22 էջից բաղկացած հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն Եվրամիության արևելյան գործընկերներն առաջիկա տարիներին, նախանշում հետագա համագործակցության ուղիները տնտեսության, քաղաքականության, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում:

Հռչակագրի 6-րդ կետում անդրադարձ է կատարվում ԱլԳ տարածաշրջանում գոյություն ունեցող չլուծված հակամարտություններին: Անվանական անդրադարձ չկա որևէ հակամարտությանը: «Գագաթաժողովի մասնակիցները շարունակում են խորապես անհանգստացած մնալ տարածաշրջանի շատ հատվածներում միջազգային իրավունքի սկզբունքների խախտումներով: Գագաթաժողովի մասնակիցները կոչ են անում թարմացնել ջանքերը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա տարածաշրջանի չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով: Հակամարտությունների կարգավորումը, վստահության ձևավորումն ու բարիդրացիական հարաբերությունները կարևոր են սոցիալ-տնտեսական զարգացման և համագործակցության համար: Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են այն ջանքերը և ԵՄ-ի ամրապնդված դերակատարությունը հակամարտությունների կարգավորման և վստահության ձևավորման աշխատանքներին»,- ասված է հռչակագրի 6-րդ կետում:

«168 Ժամի» հետ զրույցում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հաճելիորեն զարմացած է:

Նա դրական գնահատեց հռչակագրի այն հատվածը, որը նվիրված էր չկարգավորված հակամարտությունների կարգավորման հարցում ԵՄ մոտեցմանը: Ըստ նրա, եթե հռչակագրում խոսք է գնում միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի մասին ու գրված չէ տարածքային ամբողջականության և մյուս սկզբունքների մասին, ուրեմն հռչակագրի այդ հատվածը կարելի է դրական համարել:

«Որևէ վտանգավոր ձևակերպում չկա Հայաստանի համար: Միջազգային իրավունքի սկզբունքները ենթադրում են և ինքնորոշման իրավունքը, և մյուս բոլոր իրավունքները, այդ ձևակերպման մեջ կան բոլոր սկզբունքները, շատ լավ ձևակերպումներ են ընտրված»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ հռչակագրում նախատեսվում էր տարածքային ամբողջականության մասին խոսել ավելի շեշտադրված:

«Եթե դա չկա, սա կարելի է համարել հաղթանակ միանշանակ: Սա նշանակում է, որ հայկական կողմն աշխատել է, դիվանագիտությունն աշխատել է: Ավելին ասեմ` հռչակագրում պետք չէ կոնկրետացնել, նշել բոլոր սկզբունքների մասին, քանի որ ցանկացած դրվագ ադրբեջանական կողմն օգտագործում է իր օգտին: Երբ սովորաբար նման փաստաթղթերում առաջինը նշվում է տարածքային ամբողջականության մասին, նրանք նշում են, որ այդ սկզբունքն է կարևոր, այնինչ այդ սկզբունքը սովորաբար առաջինն է նշվում:

Հռչակագիրը նման ընդհանրական ձևակերպումներով հայկական կողմի համար գոհացուցիչ պետք է լինի: Հիշեցնեմ, որ կա ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որում ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածում կա ԵՄ-ի մանրամասն դիրքորոշումը, մոտեցումը, դրանում նշված են նաև երեք սկզբունքները: Այնպես որ, այս հռչակագիրը նման ձևակերպումներով լավ է, ողջունելի է, կարելի է դիվանագիտական հաղթանակ համարել»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

«168 Ժամի» հետ զրույցում Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանն ասաց, որ Եվրամիության բոլոր երկրները, հենց ինքը՝ Եվրամիությունը, Արևելյան գործընկերության անդամ 6 պետություններից 4-ը շահագրգիռ ու հետևողական էին տարածքային ամբողջականության դրույթի ամրագրման հարցում: Նրա գնահատմամբ՝ դա մեծ խնդիր էր:

«Հատկապես` Կատալոնիայի հետ կապված վերջին իրադարձությունները ԵՄ-ին ևս տարան տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրում և դրա հաստատում, սակայն ստացվեց մի իրավիճակ, որ ավարտական ամփոփիչ հռչակագրում տարածքային ամբողջականության սկզբունքը տեղ չգտավ: Հայաստանը միակ երկիրն է եղել, որ համաձայն չի եղել այդ դրույթին, և հակառակի` ազգային ինքնորոշման կողմնակիցն է եղել, բայց բոլորի շահերը, փաստորեն, հետ մղվեցին` հանուն Հայաստանի»,- ասաց Ղազինյանը:

Ըստ նրա` շատ ավելի շատ Եվրոպական միությանը և ԵՄ ղեկավարներին պետք է շնորհակալ լինել, և հետո մեր ազգային դիվանագիտությանը` նման հաջողության համար. «Սա իրականում մեծ հաջողություն է, որ պետք է արձանագրել»:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրմանը, Ա.Ղազինյանը նշեց, որ շատ ոգևորված է ոչ այնքան՝ այն փաստով, որ ի վերջո այդ պայմանագիրը ստորագրվեց, որքան՝ դրա սպասված լինելու հանգամանքով, համացանցերում տիրող ոգևորությունով. «Ես չէի սպասում, որ մեր հանրությունն այդքան սպասում է այս համաձայնագրին, և այդքան մեծ ոգևորություն ու հավատ կառաջացնի ապագայի նկատմամբ: Փաստորեն, իրականում հասարակության բավականին լուրջ զանգված իր ապագան և տեսլականը կապում է եվրոպական ինտեգրման հետ: Դա լուրջ արձանագրում է, որը մենք պետք է իրականում ֆիքսենք»:

«168 Ժամի» հետ զրույցում քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ հայկական կողմը շահագրգռված էր և ամեն ինչ անում էր, որպեսզի ՀՀ-ԵՄ համաձայնագրում մեզ համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներին նույնպես գնահատական տրվի, հատկապես` Ղարաբաղյան խնդրին, որպեսզի ԵՄ-ն որպես հակամարտության կարգավորման մեխանիզմ՝ ճանաչի նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:

Ըստ նրա` այն փաստաթղթում, որ հրապարակվել էր շաբաթներ առաջ և այսօր ստորագրվեց, հստակ նշված է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցություններին և հակամարտության կարգավորումը տեսնում է 3 հիմնական սկզբունքների վրա` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք.

«Այսինքն` ԵՄ քաղաքական դիրքորոշումը լիովին համահունչ է հայկական կողմի մոտեցումներին, և կարելի է ասել, որ նման համաձայնագիր ունենալու համար ԵՄ-ի հետ ՀՀ-ն ոչ մի ետքայլ չարեց իր համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերում, ինչը շատերի համար հնարավոր է, որ անսպասելի է, որովհետև գիտենք, որ Եվրոպայում սկիզբ առած գործընթացները, հատկապես` Կատալոնիայում, կարծրացրել էին ԵՄ դիրքորոշումը՝ երկրների տարածքային ամբողջականության հետ կապված, և ազգերի ինքնորոշման իրավունքը, որպես այդպիսին, ստորադասվում կամ երկրորդ պլան էր մղվում, ինչը ՀՀ պարագայում չաշխատեց, և մեր դիվանագիտությանը հաջողվեց ամրագրել այս պայմանագրի մեջ»:

Նրա վստահեցմամբ՝ նույն դիրքորոշումները նաև ԱլԳ հռչակագրին են վերաբերում: Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ արդեն պարզ է, որ Եվրոպայում ամենաազդեցիկ քաղաքական կառույցը` ԵԺԿ-ն, նախօրեին նույնպես իր աջակցությունն է հայտնել հակամարտության կարգավորման այս մոդելին, և կարելի է ենթադրել, որ ըստ էության քաղաքական այդ գիծն արդեն ամրագրված է եվրոպացիների մոտեցումներում և գնահատականում:

«Կարելի է ենթադրել, որ հակամարտության ընկալումն արևմտյան երկրներում այնպիսին է, ինչպիսին կցանկանար տեսնել հայկական կողմը»,- ասաց քաղաքագետը:


Աղբյուր ̀ «168 Ժամ» 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով