Համանախագահների տարօրինակ և ուշագրավ հայտարարությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 16-ին հայտարարություն են տարածել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի կեսին Վիեննայում տեղի ունենալիք ԵԱՀԿ նախարարական ժողովի շրջանակում: Արտգործնախարարների հանդիպման պլանավորման մասին հայտնի դարձավ դեռեւս Ժնևի բանակցությունից հետո, և այդ առումով, իհարկե, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն անսպասելի չէ:

Նորը Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն է արտգործնախարարների հանդիպելու համաձայնության մասին, որն այս դեպքում հետաքրքիր, ուշագրավ ու փոքր-ինչ տարօրինակ է իր բովանդակության մեջ կիրառվող մեկ-երկու բառակապակցության պատճառով:

Համենայնդեպս, Մինսկի խմբի համանախագահ եռյակի հայտարարություններում կարծես թե առաջին անգամ ենք տեսնում երկու ձևակերպում՝ «սուբստանտիվ հարցեր» և «լարվածության թուլացմանն ուղղված հստակ միջոցներ»: Համանախագահները նշում են, որ պատրաստելու են արտգործնախարարների բանակցության օրակարգը, որն էլ կներառի քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր և լարվածության թուլացման հստակ միջոցներ: Ինչ իմաստ է դրված «սուբստանտիվ հարց» բառակապակցության մեջ՝ միարժեք ասելը բավականին բարդ է, քանի որ այդ տերմինն ունի իմաստային տարբեր երանգներ, մի կողմից՝ կարող է նշանակել, այսպես ասած, որեւէ կախվածություն չունեցող հարցեր, մյուս կողմից՝ կարող է ենթադրել առարկայական, շոշափելի հարցեր: Բոլոր դեպքերում, բառի կարծես թե աննախադեպ կիրառումը գրավում է ուշադրություն եւ առաջացնում հարց, թե ինչ է նշանակելու այդ աննախադեպ կիրառումը գործնականում, ինչ է դա ենթադրելու, ինչով է այդ տեսանկյունից տարբերվելու արտգործնախարարների ներկայիս բանակցությունը, ասենք, նախորդ բանակցություններից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարց է նաև, թե «սուբստանտիվ հարցերը» ո՞ր քաղաքական կարգավորման առումով պետք է իբրև օրակարգ պատրաստեն համանախագահները, ինչքանո՞վ են հանդիսանալու, այսպես ասած, մինչ այժմ սեղանին եղած հարցերի նոր մշակումներ կամ լրամշակումներ, թարմացում, և ինչքանո՞վ են լինելու բոլորովին նոր տարրեր պարունակող առաջարկներ կամ լիովին նոր դետալներ հին առաջարկներում: Թե՞ համանախագահներն անցնում են նոր տերմինաբանության կամ բառակապակցությունների զուտ, այսպես ասած, տեղեկատվա-քարոզչական նկատառումներից և իրական բանակցային գործընթացում կամ օրակարգում որեւէ նորության բացակայությունը, այսպես ասած, քողարկելու նկատառումից:

Համանախագահների հայտարարության մեջ մյուս աննախադեպ ձևակերպումը առավել պարզ է և դրանով իսկ առավել ուշագրավ, թեև, իհարկե, դարձյալ մի շարք հարցեր առաջացնող: Նրանք խոսում են այն մասին, որ օրակարգը նախապատրաստելիս ներկայացնելու են շփման գծում լարվածության թուլացման հստակ միջոցներ: Դա նշանակում է, համենայնդեպս իմաստային առումով, հրադադարի պահպանման վերաբերյալ ընդհանուր հայտարարություններից կամ այսպես ասած՝ դիվանագիտա-հռչակագրային դիրեկտիվներից անցում արդեն շատ կոնկրետ առաջարկների եւ գործողությունների: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում՝ «հստակ միջոցները» ենթադրելու են, այսպես ասած, հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման «ճանապարհային քարտե՞զ», թե՞ փոքր քայլեր, ասենք՝ դիպուկահարների հետքաշում առաջնագծից՝ առայժմ բավարարվելով դրանով:

Մյուս հարցը, թերևս, այն է, թե արդյոք կողմերին տրվելո՞ւ է ժամանակ՝ այդ հստակ միջոցների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, թե՞ հենց Վիեննայում պետք է լինի կոնկրետ և հստակ համաձայնություն ու պայմանավորվածություն՝ կատարման ժամանակացույցով: Համանախագահների հայտարարությունը, այսպես ասած, հարցերի տեղիք տալու առումով, իհարկե, աննախադեպ է, և թերևս կարևոր է նաևհանրագումարային մի հարց՝ որքանո՞վ են քաղաքական կարգավորման «սուբստանտիվ հարցերը» փոխկապակցված լինելու լարվածության թուլացման «հստակ միջոցներին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 «Ժամանակ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով