Կարեն Կարապետյանի դրայվը գնալով մարում է

Վարչապետ Կարեն Կարապետյանի դրայվը գնալով մարում է: Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նրա երեկվա ելույթում տնտեսական կանխատեսումներն այնքան էլ ոգեւորիչ չէին:

Ճիշտ է՝ վարչապետն ու իր թիմը խոսում էին տնտեսական աճի մասին, նույնիսկ կանխատեսումներ հնչեցրին, թե հաջորդ տարի սպասվում է ՀՆԱ-ի 4,5 տոկոս աճ, նաեւ աճ բոլոր ոլորտներում: Բայց մյուս կողմից կար նաեւ որոշակի թերահավատություն. «Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ աստիճանաբար նվազեցնելով տնտեսական աճի ներուժը:

Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը դեռեւս բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը: Բայց որպեսզի ամեն ինչ շատ վատ չերեւա, նա նաեւ հավելել է. «2017 թ. հաստատվեց բյուջետային մի շրջանակ, որը բնորոշում է տնտեսական իրավիճակի կայունացումը: Ինչ վերաբերում է 2018 թ. բյուջետային շրջանակին, ապա վերջինով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր եւ ծավալուն աշխատանք կպահանջի»: Հայաստանի տնտեսությունը «արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով» բնութագրվում է ոչ թե վերջին մի քանի տարիներին, այլ արդեն բավական երկար ժամանակ: Բայց իշխանություններն այս տարիներին այդպես էլ որեւէ քայլ չարեցին իրավիճակը փոխելու եւ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

Չարեցին, որովհետեւ ստեղծված իրավիճակը միանգամայն ձեռնտու է իրենց, քանի որ տնտեսական բոլոր անհաջողություններն ու ձախողումները կարողանան պայմանավորել արտաքին միջավայրով՝ իրենց վրայից գցելով պատասխանատվությունը: Ու որեւէ կասկած չկա. եթե վաղը կառավարությունն իր առաջ դրված ցուցանիշները չապահովի, որպես պատճառ մատնանշելու է արտաքին աշխարհից ներթափանցած բացասական ցնցումները:

Բայց Կարեն Կարապետյանի՝ երեկվա հայտարարություններն ուշագրավ էին մեկ այլ առումով. իր պաշտոնավարման հենց սկզբից վարչապետը մի քանի անգամ հայտարարել էր, թե Հայաստանը կայուն տնտեսական աճ կարող է ունենալ 2018 թվականից, իսկ այս տարին, նրա խոսքերով, պետք է լիներ ախտորոշման, կառավարման համակարգի բարեփոխումների եւ կայունացման շրջան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույնիսկ «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել էր. «Հենց մենք կարողանանք կայունացնել տնտեսական իրավիճակը, մենք կկարողանանք կայուն աճ գրանցել 2018 թվականից»: Մինչդեռ հիմա, փաստորեն, նա կասկածի տակ է դնում հաջորդ տարվանից կայուն աճ ունենալու հեռանկարը՝ այդ ամենը պատճառաբանելով, թե աճի հիմքերը դեռ բավարար ամուր չեն: Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞վ էր զբաղված կառավարությունն այս մեկ տարվա ընթացքում՝ աճի հիմքերը բավարար չափով ամրացնելու փոխարեն:

Թե՞ շոուների ընթացքում այդպես էլ ժամանակ չունեցան լուրջ գործով զբաղվելու համար: Եւ հետո մի փաստ էլ. եթե հիշում եք՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճի մասին խոսել էր Սերժ Սարգսյանը այս խորհրդարանի անդրանիկ նիստում՝ իր ուղերձի ժամանակ, ու հիմա վարչապետն անուղղակի կասկածի տակ է դնում նաեւ այդ խոստման իրականացումը: Ի դեպ, սա Կարեն Կարապետյանի՝ երեկվա միակ ուշագրավ հայտարարությունը չէր. նա նաեւ խոսել է բյուջետային ծախսերի մասին՝ ասելով.

«Միջնաժամկետ հորիզոնում, չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակվելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում»: Այլ կերպ ասած՝ նա այդպես անուղղակի ընդունել է, որ բյուջետային ծախսերում իրենք չեն կարող շատ ազատ լինել, պետական պարտքի կայունությունը պահպանելու անհրաեշտություն կա:

Իսկ անհրաժեշտություն կա, որովհետեւ ինը տարի շարունակ իշխանություններն ավելացրել են պետական պարտքը, եւ շուտով այն կմոտենա 7 մլրդ դոլարի սահմանագծին: Ու մի փաստ էլ. վարչապետը երեկ նշել է, թե. «Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք այս պահի դրությամբ մեր երկրի եւ քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող եւ մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018 թ. համար»:

Հետաքրքիր է՝ եթե հաջորդ տարվա բյուջեում նախատեսված չէ ո՛չ թոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ աշխատավարձի աճ, փոխարենը միջինը 4 տոկոս գնաճ են կանխատեսել, ապա ինչպե՞ս է բյուջեն լավագույնս արտահայտելու քաղաքացիների շահերը: Թե՞ քաղաքացիներ ասելով՝ նա նկատի է ունեցել իշխանական էլիտան՝ իրենց մերձավոր-բարեկամներով, քավոր-սանիկներով հանդերձ:

 

 

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով