Իրանում տեղի է ունեցել Արցախի թեմայով միջազգային խորհրդաժողով

Թեհրանում տեղի է ունեցել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ խորհրդաժողով, որին մասնակցել են ՀՀ-ից, Արցախից, Իրանից, Լիբանանից և Թուրքիայից հրավիրված վերլուծաբաններ, քաղաքագետներ ու պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է Թեհրանի հայ դատի հանձնախումբը:

Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել հատկապես Մերձավոր Արևելքում ծավալվող աշխարհաքաղաքական իրադարձություններին և դրանց հնարավոր ազդեցությանը Արցախի և հայ-իրանական հարաբերությունների վրա:

Խորհրդաժողովին զեկույցներ են կարդացել ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Գրիգորյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արմեն Իսրայելյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայյանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի միջազգային լուրերի խմբագիր Վահրամ Էմմիեանը, Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի անդամ Պետօ Դեմիրճեանը, Ստամբուլի «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, Իսլամական խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը, իրանահայ լրագրող, վերլուծաբան Գրիգոր Ղազարեանը, իրանցի քաղաքագետներ Իբրահիմ Մոթաղին, Հոսեյն Ահմադին և Արցախի հակամարտության գծով փորձագետ Սալար Սեյֆոդինին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք խոսել են ինչպես հայ-իրանական հարաբերությունների, այնպես էլ այդ ֆոնին տարածաշրջանի այլ երկրների՝ այդ ուղղությամբ դրական ու բացասական քայլերի մասին:

ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանն անդրադարձել է Քրդստանի անկախության հանրաքվեին և դրա շուրջ ստեղծված ճգնաժամին:

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծման կենտրոն»-ի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ խորհրդաժողովի իրանական կողմը քննարկել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հարցը, հնարավորություններն ու դժվարությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայ և իրանցի բանախոսների կողմից հատուկ շեշտադրվել է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերի ակտիվացման կարևորությունը: Նշվել է, որ երկու երկրների բարձրագույն իշխանությունները պետք է առավել հաճախ հանդիպեն և քննարկեն խնդիրներն ու հնարավորությունները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով