«Դրա մասին խոսել է թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հեյդար Ալիևը». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Արցախի հարցի շուրջ ընթացող  բանակցությունները ոչ թե կարգավորման, այլ կոնֆլիկտի մենեջմենթի մասին են։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ հայկական կողմը պետք է իր համառ ջանքերով փորձի դա հասցնել իր տրամաբանական վերջաբանին. «Բայց չպետք է մոռանալ, որ կոնֆլիկտը երկու կողմի միջև է, և հայկական կողմի հնարավորություններն անսահման չեն։ Հնարավորություններ կան, բայց երաշխիք չկա, որ դրանք իրականություն կդառնան։ Դրա պատճառը, այնուամենայնիվ, հայկական կողմը չէ։ Ադրբեջանական կողմը խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտքից չի ուզում հրաժարվել։ Դա նշանակում է, որ առնվազն նույն կարգի սրացում, ինչպիսին ապրիլ ամսին էր, ձեռնարկելու համար Ադրբեջանը ներքին որևէ արգելակներ չունի։ Բացի դրանից՝ իր պատկերացումների մեջ նման կարգի սրացումները միանգամայն տեղավորվում են Ադրբեջանի քաղաքական մտածողության մեջ»։

Հետևաբար, ըստ նրա՝ հայկական կողմը պետք է ոչինչ չխնայի, որ նման սցենարի դեպքում հանկարծակիի չգա կամ դրանից դուրս գա նվազագույն կորուստներով, թույլ չտա հակառակորդին հասնել իր նպատակին, ինչպես թույլ չտվեց դա անել ապրիլ ամսին. «Ավելին, անհրաժեշտ և համաչափ կամ ասիմետրիկ հակահարված տա հակառակորդին՝ նման փորձի դեպքում։ Իսկ դրա գործիքը մեր արտաքին քաղաքականությունն է և մեր Զինված ուժերը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am-ը հետաքրքրվեց, թե ըստ փորձագետի՝ ի՞նչ նկատի ուներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հայտարարեց, որ Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու, արդյոք դա տարածքների՞, թե՞ այլ խնդիրների մասին էր։ Ի պատասխան՝ Մեհրաբյանը հետևյալն ասաց.

«Այն, որ Արցախի հակամարտությունն ունի լուծում, հստակ է, որ այդ լուծումը պետք է լինի փոխզիջումների հիման վրա, դրա մասին խոսել է թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հեյդար Ալիևը, նույնիսկ Իլհամ Ալիևն է խոսում դրա մասին։ Այո, ցանկացած փոխզիջում լինում է ցավոտ, բայց թե դա ինչումն է կայանալու, դրա մասին մոտեցումները տարբեր են։ Այդ իմաստով՝ այո, լուծումները լինելու են ցավոտ։ Բայց ես չեմ տեսնում, որ այդ լուծումները լինելու են վաղը կամ մյուս օրը, կամ մեկ տարի հետո։ Ես նման հնարավորություններ չեմ տեսնում»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով