«Օդից» փող ստացող գործազուրկներն ավելի ինտենսիվ են աշխատանք փնտրում. Ֆինների հետաքրքիր էքսպերիմենտը

Ֆինները հետաքրքիր էքսպերիմենտ են արել։ Վերջին 5 ամիսների ընթացքում այս երկրի կառավարությունը իր գործազուրկ քաղաքացիներից 2000 հոգու ամսական 560-ական եվրո է վճարում։

Վճարում է, ինչպես ասում են են, հենց այնպես։ Ինչպես գրում է բրիտանական Independent-ը, ստացողները պարտավոր չեն ապացուցել, որ աշխատանք են փնտրում։ Նրանցից նաև չի պահանջվում պարբերաբար հաշվետվություն ներկայացնել՝ ապացուցելու համար, որ դեռ ունեն այդ փողի կարիքը (ինչպես գործազրկության նպաստի դեպքում է)։ Նրանք կարող են գումարը ծախսել այնպես, ինչպես ցանկանում են։

Արդյունքները կարող են ապշեցնող թվալ։ Հակառակ տարածված կարծիքի, որ «օդից եկող» փողը կարող է թուլացնել աշխատանք փնտրելու մոտիվացիան և նպաստել «պորտաբուծության» տարածմանը, էքսպերիմենտը հակառակն է ցույց տվել։ Գումար ստացողները սկսել են ավելի ինտենսիվ աշխատանք փնտրել և գեներացնել ավելի շատ բիզնես-գաղափարներ։

Այս ֆենոմենի ուղղությամբ հետազոտությունները դեռ շարունակվում են, սակայն գլխավոր բացատրությունն այս պահին այն է, որ գումարային օգնությունը թուլացնում է սթրեսը, ավելացնում լավատեսությունը և թույլ տալիս օրվա հացի խնդիր լուծելու փոխարեն կենտրոնանալ ավելի լուրջ զբաղմունք գտնելու վրա։ Այնպես որ, չի բացառվում, որ հետազոտական ավելի խորը աշխատանքներից հետո Ֆինլանդիայի կառավարությունը փոխի իր մոտեցումները զբաղվածության քաղաքականության մեջ և առաջնորդվի հենց այս մոտեցմամբ։

Իհարկե, նույն Ֆինլանդիայում ոչ բոլորն են ողջունում այս մոտեցումը։ Օրինակ Ֆինլանդիայի առևտրային միությունների կենտրոնական կազմակերպությունը գտնում է, որ այդ էքսպերիմենտը անթույլատրելի է և սոցիալական քաղաքականությունը կարող է տանել սխալ ուղղությամբ։ Սակայն կողմնակիցների թիվն էլ մեծ չէ։

Իսկ Հայաստանում տեսականորեն կարո՞ղ է երբևէ նման բան լինել։ Համոզված կարելի է ասել՝ ոչ, գոնե տեսանելի ապագայում։  Հայաստանում իշխանությունը տրամագծորեն այլ մոտեցում ունի սոցիալական հարցերում և գտնում է, որ գործազուրկներին նպաստ տրամադրելը նշանակում է անիմաստ վատնել պետական միջոցները։

Հիշեցնենք, որ ժամանակին Հայաստանում գործազուրկներին տրվում էր  ամսական 18 հազար դրամ նպաստ։ 2013 թվականին պետությունը օրենսդրական փոփոխությամբ վերացրեց գործազրկության նպաստը։ Ըստ հիմնավորումների՝ նպաստների համակարգը խիստ անարդյունավետ էր, նպաստների միայն 6 տոկոսն էր հասնում շահառուներին: Ավելին, շատ դեպքերում 18 հազար դրամ նպաստները ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ, որովհետև համակարգը հաշվի չէր առնում սոցիալապես անապահով լինելը։ Որոշվեց, որ ավելի լավ է այդ գումարն ուղղել այլ նպատակների՝ նոր աշխատատեղեի ստեղծմանը, սոցիալապես անապահով ընտանիքներին լրացուցիչ օգնությանը, գործազուրկների վերապատրաստմանը և այլն:

Սակայն գործազրկության նպաստի վերացումը վերջին 4 տարիների ընթացքում չնպաստեց գործազրկության մակարդակի նվազմանը։ Այնպես որ չի բացառվում, որ մի գեղեցիկ օր ՀՀ կառավարությունը նույնպես որոշեի այլ տրամաբանությամբ առաջնորդվել։ Եթե, իհարկե, բավարար միջոցներ ունենա՝ 220 հազար գործազուրկներին ամսական այնքան գումար վճարել, որ նրանք կարողանան դրանով գոյատևել։

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով