«Այստեղ «փող չկա» սկզբունքը չի աշխատում, որովհետև խոսքը եղածն ըստ նպատակահարմարության բաշխելու մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Կրթության ոլորտին 2018 թվականի պետական բյուջեի նախագծով տրամադրվելու է 127 միլիարդ դրամ, որը 0.6 միլիարդով պակաս է 2017 թվականի ցուցանիշից:
Նրա կարծիքով՝ այս իշխանություններին պետք է բանակը, Ոստիկանությունը, բայց նրանք բոլորովին չեն կարևորում կրթությունը, գիտությունը. «Նրանց համար դրանք ավելորդ ոլորտներ են, բեռ են իշխանության վրա: Իշխանություններին պետք է կրոնականացված շարքայինների մի բազմություն, որն ազատ չի մտածում ու ընդամենը հլու-հնազանդ կատարում է վերևից իջեցված հրամանները: Այսինքն՝ փող կա Ոստիկանության համար նոր ջրցաններ, մահակներ, էլեկտրաշոկերներ առնելու, բայց կրթության համար փող չկա՞: 1.8 տոկոս ցուցանիշն ի՞նչ նպատակով են սահմանել, դա ծաղր է ուղղակի, դա մարտահրավեր է, որին մենք պետք է արձագանքենք»:
Ա. Միրզոյանը գտնում է՝ պետք է պայքարել, որ այդ ցուցանիշը փոխվի: Նրա խոսքով՝ սա «յոլա գնալու», «տեղում դոփելու» բյուջե է:
168.am