Վարչապետը Նիդեռլանդների Սենատի նախագահի հետ քննարկել է տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին:

Ողջունելով հյուրին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հատկանշական է, որ նման բարձր մակարդակի այցը տեղի է ունենում Հայաստանի և Նիդեռլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այցը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդել երկկողմ կապերին և, մասնավորապես, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը, որի մակարդակը ցանկալիից ցածր է, բայց ներուժը՝ մեծ:

«Պատրաստ ենք կազմակերպելու գործարարների պատվիրակությունների փոխայցելություններ, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարության կողմից ձևավորված նպաստավոր օրենսդրական դաշտին և ուսումնասիրել Հայաստանը՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու հարթակ օգտագործելու հեռանկարները», – նշել է վարչապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, ճանապարհաշինության, ջրային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ադամանդագործության և այլ ոլորտներում գործակցության զարգացումը:

Նիդեռլանդների Սենատի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ քաղաքական երկխոսության մակարդակը և նշել, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը: «Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս կարևոր տեղ զբաղեցնել տարածաշրջանում ու տնտեսական առումով կամուրջ հանդիսանալ Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև: Ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ Հայաստանի միջոցով տարբեր երկրների հետ համագործակցելու և հարաբերություններ զարգացնելու հնարավորություններ կան», – ասել է Անկի Բրուկերս-Քնոլը:

Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի՝ գործարար կապերի ակտիվացմանն ուղղված փոխայցեր կազմակերպելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել աշխատել այդ ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զրուցակիցներն ընդգծել են նոյեմբերին ստորագրվելիք Հայաստան-Եվրոպական համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևորությունը՝ համակարծիք լինելով, որ այն կնպաստի ինչպես ԵՄ շրջանակում, այնպես էլ երկկողմ կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների, Նիդեռլանդներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել տասնամյակներ շարունակ Նիդեռլանդների կողմից, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների միջոցով, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար: Կարեն Կարապետյանը կարևորել է նաև Նիդեռլանդների զարգացման գործակալության միջոցով մեր երկրում տեխնիկական ու ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով