Վարչապետը հանձնարարել է կատարելագործել և պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր անչափահասներին արգելված արտադրանքի վաճառքի, ծառայությունների մատուցման դեպքերի կանխարգելմանը:

«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում՝ նարգիլեի համար, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքներ վաճառելու, տասնութ տարին չլրացած անձանց համար արգելված գիշերային ակումբներ և զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերի կանխարգելումն անբավարար է, իսկ որոշ դեպքերում` չկանոնակարգված։

Ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները ևս բավարար չեն: Ավելին՝ նման դեպքերն ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ և հստակեցված չեն գործառույթները»,-նշել է վարչապետը:

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքի վաճառելու, ինչպես նաև տասնութ տարին չլրացած անձանց համար արգելված զվարճանքի վայրեր մուտք գործելու դեպքերի համար պատասխանատվության միջոցների խստացման, կանոնակարգման, ինչպես նաև լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Վարչապետի մյուս հանձնարարականը շինարարական թույլտվությունների տրամադրման վերաբերյալ էր: Կառավարության ղեկավարը նշել է.

«Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը։

«Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ։ Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում նաև առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա։

Օրենսդրության համաձայն՝ նշված թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրանց տրամադրման նորմատիվային մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները խիստ պատճառաբանված։ Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական գործառույթներ»։

Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև դեկտեմբերի 2-րդ կես համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև՝ ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված առաջարկություններ։


Օրենսդրական նախաձեռնություններ


Կհստակեցվեն որդեգրման գործընթացները

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտանեկան օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյունքում, մասնավորապես, առավել կապահովվեն երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն որդեգրման գործընթացները:

Կհստակեցվի նաև խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվի պետության մասնակցությունը խնամատար ընտանիքում խնամվող և դաստիարակվող երեխայի հարցում, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները և դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատարության նկատմամբ վերահսկողությունը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, մասնավորապես՝ փոփոխություն կատարել ծնողական իրավունքներից զրկելու կարգում, որպեսզի ընդլայնվի ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնող անձանց շրջանակը, սահմանվել է, որ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է համաձայնություն տա երեխա որդեգրելու համար, երեխայի շահը պահպանելու նպատակով սահմանվել է որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն և այլն:

Կապահովվի ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը

Հավանություն է տրվել «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնութան ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մասին փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն:

Նախատեսվում է նաև նվազեցնել ընտանեկան բռնության լատենտայնության մակարդակը, կանոնակարգել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում համագործակցությունը և հստակեցնել դրանց գործառույթները:

Օրինագծերով լուծում ստացող առաջին խնդիրն ընտանեկան բռնության կանխարգելման գործունեությունը հստակեցնելն ու համակարգելն է: Ընտանեկան բռնության անմիջական վտանգի դեպքում անձի անվտանգությունն անհապաղ ապահովելու նպատակով օրինագծում ներդրվել են անհետաձգելի միջամտության որոշման և պաշտպանական որոշման ինստիտուտները: Նախագծով առաջարկվող նախազգուշացման ինստիտուտն էլ կկիրառվի առաջին անգամ ընտանեկան բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանեկան բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ ծնողական իրավունքներից սահմանափակման որևէ նոր հիմք, ինչպես նաև որևէ հիմք, որը կարող է խարխլել ավանդական ընտանեկան արժեքները:

«Օրենքը բազմիցս քննարկել ենք տարբեր հարթակներում: Պետք է նշեմ, որ առաջին տարբերակից մինչև այն տարբերակը, որը ներկայացնում եմ ձեր դատին, մի շարք լուրջ փոփոխություններ են այստեղ ամրագրվել: Ամրագրվել են նաև մտահոգիչ հարցեր: Օրինակ՝ արդյոք կարելի է անչափահասին վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան առանց ծնողի, իրականում՝ ոչ, և դա ստիպված կոշտ ամրագրել ենք, որպեսզի դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»,-ասել է նախարարը:

Նախատեսվում է վերափոխել Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի կարգավիճակը
Հավանության է արժանացել նաև Հեռուստատեսության և ռադիոյի մասին և հարակից այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հստակ և համապարփակ կարգավորել ՀՀ սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգավիճակը, լիազորությունները, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի կարգավիճակը, ինչպես նաև հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող նորմերը համապատասխանեցնել հասարակական հարաբերությունների զարգացման արդի պայմաններին և դինամիկային:

Նախագծերով առաջարկվում են հետևյալ հիմնական կարգավորումները. սահմանվել է հանձնաժողովի կազմը, դրա անդամների ընտրության և լիազորությունների դադարման կարգը, անդամներին ներկայացվող պահանջները և հանձնաժողովի լիազորությունները, վերափոխվել է խորհրդի կարգավիճակը, սահմանվել են նաև խորհրդի ադամներին ներկայացվող անհամատեղելիության պահանջները, լիազորությունների շրջանակը և այլն:

Կապահովվի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությունը

Գործադիրը հավանություն է տվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես՝ կապահովվի Սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրական վերահսկողության մասնագիտացված մարմնի, արդյունավետ գործունեությունը, կհստակեցվեն ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները, կստեղծվեն բավարար իրավական նախադրյալներ ժողովրդավարության ամրապնդման համար, իրավական համակարգում հնարավորինս կկանխարգելվեն և կբացառվեն հակասահմանադրական իրավիճակները:

Օրինագծերով, մասնավորապես, սահմանվում են ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները, կարգավորվում են նրա գործառութային անձեռնմխելիության հետ կապված հարաբերությունները, սահմանվում են Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը:

Առաջին անգամ առաջարկվում է ՍԴ-ին վերապահել սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման լիազորություն: Դա հնարավորություն կտա իրավական ճանապարհով հաղթահարել սահմանադրական մարմինների միջև առաջացող վեճերը:

Կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները

Հավանության է արժանացել նաև կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև՝ օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով:

Գործող օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով նախատեսվում է, մասնավորապես, առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը, տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը, հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները և այլն:

Օրենքների նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:

Նախատեսվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ՝ կամավոր հիմունքներով և օրենքով

Հավանության է արժանացել «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Նախագծի ընդունմամբ կապահովվի միջհամայնքային միավորումների կազմավորման և գործունեության իրավական դաշտը: Օրինագիծը սահմանում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները: Նախագծով առաջարկվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ՝ կամավոր հիմունքներով և օրենքով:

Կամավոր հիմունքներով միավորումը ստեղծվում է համայնքների ավագանիների կողմից, իսկ օրենքովը՝ ՀՀ կառավարության համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Կարգավորվում են նաև միավորումը համալրելու և միավորումից դուրս գալու հետ կապված իրավահարաբերությունները: Նախատեսվում են նաև միավորումների գործունեության դադարեցման, լուծարման դեպքերը և դրանց ընթացակարգերը:

Նախագծով սահմանվել են համապատասխան մեխանիզմներ՝ միավորումից դուրս գալու կամ լուծարվելու դեպքերում անդամ համայնքների միջև սեփականության բաշխման մասով:
Հավանության է արժանացել նաև 2017 թ. հոկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ջրային օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերով առաջարկվում է համապատասխան օրենքներում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն վերաբերող հոդվածներում ներառել այն իրավասությունները, որոնք հնարավորություն կընձեռեն ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նախագծերի ընդունումը թույլ կտա ապահովել ՀՀ սահմանադրության փոփոխությունների պահանջները:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
 

Ջրային հաշվեկշռի որոշումը կնպաստի հանրապետության գետավազանների ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն կառավարմանը

Գործադիրը հավանություն է տվել Ըստ գետավազանների ՀՀ ջրային հաշվեկշռի որոշման մեթոդին, որով կսահմանվի ջրաէկոհամակարգի վրա մարդածին ներգործության սահմանային թույլատրելի նորմ: Այն մշակվել է ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հիման վրա: Ջրային հաշվեկշռի որոշումը կնպաստի հանրապետության գետավազանների ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն կառավարմանը, ինչպես նաև էկոլոգիական հավասարկշռության պահպանմանը:

Ըստ հիմնավորման՝ ջրային հաշվեկշռի կազմումը հանդիսանում է գետավազանային պլանավորման կարևորագույն քայլերից մեկը։ Մասնավորապես, այն հնարավորություն կտա ստացված տեղեկատվության հիման վրա ջրօգտագործման թույլտվությունների տրման միջոցով սահմանել գետավազանային պլանավորման իրատեսական նպատակներ և, ըստ այդմ, բացահայտել գետավազանի ջրային ռեսուրսների պատշաճ պահպանումը և կառավարումն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցառումները։

Հանրապետությունում կսկսվի տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրություն

 

Կառավարությունն ընդունել է «Հայկական միրգ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» որոշումը, որը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձանարարականի:

Որոշման համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզում գտնվող «Հայկական միրգ»-ի սեփականության իրավունքով հանձնված տարածքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կտրամադրվի «Նորատունկ» ՓԲԸ-ին: Հիմնավորման համաձայն, հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման նախապայմաններից է տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրությունը:

«Նորատունկ» ՓԲԸ նշված տարածքում նախատեսում է հիմնել տնկարանային տնտեսություն՝ ապահովելով հողատարածքի նպատակային և ռացիոնալ օգտագործումը, զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներ, կազմակերպել վեգետատիվ եղանակով բազմացող ցածրաճ պատվաստակալների ու հայկական ծիրանենու արտադրությունը ցածրաճ պատվաստակալների վրա, պատվաստված ընկուզենու արտադություն, արտադրություն և մասնագիտական ուսուցողական դասընթացներ։

Ընկերությունը նախատեսում է նաև զարգացնել համագործակցություն արտերկրի տնկարանների, գիտական հաստատությունների և միջազգային կառույցների հետ՝ այգեգործության նոր տեխնոլոգիաների ներդրման և փորձի փոխանակման նպատակով։ Արդյունքում՝ 2018-2019 թթ. հողատարածքի վրա նախատեսվում է ձևավորել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ցուցադրական տնկարան, որը սկսած 2019 թ.-ից հնարավորություն կունենա տարեկան արտադրելու շուրջ ցածրաճ պտղատու 100 հազար տնկիներ՝ արտերկրից ներմուծված համարժեք տնկանյութի համեմատ 30-50 տոկոսով ցածր արժեքով: Ընկերությունը պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում պարտավորվում է կատարել 77 մլն դրամի ներդրում:


Ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝«Երևանի ՋԷԿ»-ում. կվերազինվի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը

 

Կառավարության որոշումներով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից:

«Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը գործարկվել և առևտրային շահագործմանն է հանձնվել 2010 թ.-ին և մինչ օրս աշխատում է շարունակական բեռի բազիսի ռեժիմում և կանգնեցվում է տարեկան մեկ անգամ արտադրողների կողմից սահմանված տարեկան ընթացիկ նորոգումների նպատակով:

Ընկերության նպատակն է Երևանի տարածքում գործող համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը վերազինել, որի արդյունքում կբարելավվեն մի շարք ցուցանիշներ: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 10,7 մլրդ ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 20 աշխատատեղ` 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Կդյուրացվի Հնդկաստանի քաղաքացիներին՝ ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին կնպաստի նաև ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը:

 

ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություն

2018 թ. մարտի 11-ին ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություն. գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ 2017 թ. օգոստոսի 18-ին վաղաժամկետ դադարեցվել են համայնքի ավագանու 5 անդամների լիազորությունները՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետի (մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից) հիմքով: Այդ պատճառով անհնարին է դարձել ավագանու նիստերի հետագա անցկացումը:

Կառավարությունն ընդունել է «ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին» որոշում, որի նպատակը ՀՀ 2017 թ. պետբյուջեում «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրի երկրորդ կիսամյակի մասով նախատեսված գումարի բաշխումն է:

 

Այլ որոշումներ

Գործադիրը հաստատել է Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը: Որոշման նպատակն է կարգավորել ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների` «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատելու հետ կապված հարաբերությունները:

Պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթության համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին գույք ամրացնելու մասին որոշում: Համապատասխան տարածքը դպրոցին վերադարձնելու դեպքում կգործի նաև երկրորդ աստիճանավանդակը, ինչը կարևոր է աշակերտների անվտանգության ապահովման համար: Դպրոցն իրականացնելու է ներառական կրթություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով