Նյու Յորքի ահաբեկիչը պետք է մահապատժի ենթարկվի. Թրամփ

Ամերիկացի մի շարք օրենսդիրներ կոչ են արել Սպիտակ տանը Նյու Յորքի ահաբեկչին ուղարկել Կուբայի Գուանտանամոյի բանտը:

Իր հերթին, նախագահ Դոնալդ Թրամփը ևս երեկ նմանատիպ մտադրություն է հայտնել: Իր թվիթերյան էջում էլ Միացյալ Նահանգների նախագահը գրել է, թե Նյու Յորքում 8 մարդու մահվան պատճառ դարձած հարձակման համար մեղադրվող Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլո Սաիպովը պետք է մահապատժի ենթարկվի:

Սաիպովը հայտարարել է, որ իրեն ոգեշնչել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: Դատախազության փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ ոստիկանները վնասազերծել են 29-ամյա ուզբեկստանցուն, վերջինս խնդրել է, որ հիվանդանոցի իր պալատում «Իսլամական պետության» սև դրոշը փակցնեն, և ավելացրել, որ «գոհ է իր արածի համար»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատախազների փոխանցմամբ, Սաիպովի երկու հեռախոսների մեջ եղել է 90 տեսանյութ և 3 հազար 800 լուսանկար՝ հիմնականում «Իսլամական ահաբեկչության» քարոզչությունը, գլխատված և տանկերով վրաերթի ենթարկված մարդկանց լուսանկարներ:

Հիշեցնենք, երեքշաբթի օրը Նյու Յորքում՝ Մանհեթենի հենց կենտրոնում, թեթև բեռնատարը վրաերթի ենթարկեց հեծանվորդների ու հետիոտների, 8 մարդ զոհվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին: Նյու Յորքի ոստիկանության հաղորդմամբ՝ մեքենայի ղեկին եղել է Սայֆուլո Սաիպովը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Սաիպովը Միացյալ Նահանգներ է եկել 2010 թվականին Ուզբեկստանից:

Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկացնում է, որ այս գործով հարցաքննության է հրավիրվել Ուզբեկստանի մեկ այլ քաղաքացի ևս՝ 32-ամյա Մուխամաձոիր Կադիրովը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Azatutyun

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով