Ղարաբաղյան կողմը կրկին կոշտացնում է իր դիրքորոշումը. խմբագրական

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու», մի կողմից ասել է՝ կոռեկտ չի համարում ՀՀ նախագահի խոսքերը մեկնաբանելը, բայց եւ հավելել՝ փոխզիջումների մասին խոսելը դեռ վաղ է:

«Ես վստահ եմ, որ մենք այսօր, հատկապես 2016 թվականի ապրիլից հետո, շատ ավելի ճիշտ ենք պատկերացնում մեր անվտանգության համակարգի բոլոր բաղադրիչները: Եվ այն, որ այդ համակարգի մեջ մտնում են ե՛ւ տարածքները, ե՛ւ մեր տնտեսական կենսունակությունը, իմ խորին համոզմամբ, մենք այսօր այդ պաշարը չենք կարող որեւէ բանով թուլացնել, որպեսզի ինչ-որ չխոստացված բաների դիմաց մենք պատրաստ լինենք ինչ-որ բաներ տալ:

Ես կարծում եմ, որ մենք ժամանակից շուտ չպիտի այսպիսի խոսակցություններ վարենք, որովհետեւ միայն ու միայն սա մեր ներքին հասարակական անվտանգությունն է խարխլում, որովհետեւ մենք սկսում ենք փնտրել՝ ո՞վ ա ասել, որ կարելի ա զիջել, ո՞վ ա ասել, որ չի կարելի զիջել… Կարծես թե էդ զիջել-չզիջելը ինչ-որ կոնկրետ բաներից, կոնկրետ ասվածից է կախված: Ես վստահ եմ, որ այդ հարցերի պատասխանը ունի միայն մեկ սուբյեկտ. դա Արցախի ժողովուրդն է, որին Սահմանադրությամբ տրված է այդպիսի լիազորություն»,- նշել է Ղուլյանը:

Փաստորեն, ԼՂՀ ԱԺ նախագահը բացահայտ հակադրվում է Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ «վաղ համարելով» փոխզիջումների մասին խոսելը: Ի վերջո, եթե հիշում եք՝ Սերժ Սարգսյանն իր նախկին հարցազրույցներում էլ ասել էր, թե Հայաստանը մի քանի անգամ մոտ է եղել ԼՂ խնդրի լուծմանը, վերջին անգամ՝ 2011թ.

Կազանում, ընդ որում, պատրաստ է եղել տարածքների վերադարձին, միայն թե Ադրբեջանն ինքն է վիժեցրել հարցի կարգավորման գործընթացը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ այս տարվա սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովին էր ասել, թե Հայաստանը պատրաստ է տարածքներ զիջել, բայց «խոսքը այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում անվտանգության համակարգին վնաս չի հասցվի»:

Բայց Ղուլյանի հայտարարությունները հետաքրքիր են մեկ այլ իրողության համատեքստում. 2016թ. օգոստոսի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում ասել էր. «Ողջամիտ, իրավացի եւ համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են:

Մենք պատրաստ ենք անել փոխզիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։ Ու, փաստորեն, հիմա ղարաբաղյան կողմը կրկին կոշտացնում է իր դիրքորոշումը:

 

 

 

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով