«Հայաստանը կարող է դառնալ քաղաքակրթական հոսանքների բախման տեղ». Քաղտեխնոլոգ

«Բավականին կանխատեսելի էր, որ այս փաստաթուղթը կստորագրվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նա գտնում է, որ բոլոր մասնակից կողմերը դաս էին քաղել նախորդ՝ 2013 թվականի չհաջողված փորձից. «Դասեր էր քաղել և՛ Հայաստանը, և՛ ԵՄ-ն, և՛ Ռուսաստանը, և՛ միջնորդված ԱՄՆ-ը՝ որպես արևմտյան աշխարհի լիդեր պետություն: 2013-ի իրադարձությունները բավականին լուրջ ֆիասկո էին բոլորի համար: Այն պահից սկսած, երբ Արևմուտքն ընդունեց «և՛-և՛»-ի սկզբունքը, շատ բան փոխվեց: Կարծում եմ՝ նաև Ռուսաստանն ընդունեց այդ սկզբունքը: Դրա մասին քիչ է խոսվում, բայց 2015 թվականին ԵԱՏՄ մեկ այլ պետություն՝ Ղազախստանը, ստորագրեց մի փոքր այլ անվանմամբ, մի փոքր գուցե ավելի ցածր մակարդակի համաձայնագիր, որը կոչվում էր ԵՄ-ի հետ ընդլայնված համագործակցության և գործընկերության մասին համաձայնագիր: Դա կարևոր նախադեպ էր, որը նաև ցույց տվեց, որ Ռուսաստանն աստիճանաբար նաև ադապտացվում է նոր պայմաններին, իսկ երբ կա նախադեպ, շատ հեշտ է այդ ճանապարհն անցնել»:

Վ. Հակոբյանի խոսքով՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հիմնականում քաղաքական փաստաթուղթ է, որը և՛ Հայաստանը, և՛ ԵՄ-ն լիովին ադապտացրել են այն իրողությանը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և ունի կոնկրետ պարտավորություններ. «Սա քաղաքական փաստաթուղթ է, որը հիմնականում մեսիջ է պարունակում Հայաստանի կողմից, որ Հայաստանն առաջնորդվելու է եվրոպական արժեհամակարգով, այսինքն՝ փորձում է տեղավորվել այդ արժեհամակարգում, և իր նպատակն է՝ կառուցել իր հիմնական քաղաքական համակարգն այդ սկզբունքների վրա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղտեխնոլոգը կարծում է՝ դեռևս մինչև համաձայնագրի նախաստորագրումը բոլոր դետալները ճշտված և համաձայնեցված էին ՀՀ-ի ռազմավարական դաշնակցի հետ. «Կարծում եմ՝ սա շատ կարևոր փաստաթուղթ է, չնայած չեմ կիսում այն էյֆորիան, որը տիրում էր առաջին օրերին:

Այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս Հայաստանին դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, իր քաղաքակրթական հոսանքները: Հայաստանը կարող է դառնալ քաղաքակրթական հոսանքների բախման տեղ: Ինչքան էլ ասում ենք՝ Ռուսաստանը կողմ է, բայց չեմ կարծում, որ նա հիացած է այս որոշմամբ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով