Խոպանչիները դատարկաձեռն են վերադառնում Ռուսաստանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Գետք համայնքի խոպանչիները կամաց-կամաց տուն են վերադառնում: 18 տղամարդ արդեն եկել է: Այս օրերին գյուղամիջի խոսակցության միակ թեման այս տարվա խոպանի կյանքն է: Նրանք գրեթե դատարկ գրպանով են տուն հասել: Վաստակածն ամեն ամիս ընտանիքին են ուղարկել:

Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ խոպանչիներն այնքան էլ գոհ չեն: «Դժգոհ են, որովհետև աշխատավարձը կես-կես են տվել: Մի ամսվա փողն ուղարկել են, մյուսով էլ՝ եկել: Բավականին գումար էլ դեռ հետները չեն բերել՝ հետո են ստանալու»,- ներկայացրեց նա:

Այդուհանդերձ, Ռուսաստանից բերած գումարով նրանց տների ջեռուցման հարցը կլուծվի: Այդ գումարով չեն կարող մինչև գարուն ձգել: Պատրաստվում են մեկ-երկու ամսից կրկին խոպանի ճանապարհը բռնել: «Ստեղ մնան՝ ի՞նչ անեն, կարտոֆիլ մշակելով ու կաթ, մածուն ծախելով չեն կարողանում փող առնել»,- նշեց մեր զրուցակիցը:

Գետքից 110 մարդ է այս տարի դրսում հաց վաստակելու գնացել: Վերջին տարիներին տղամարդիկ կանանց էլ են խոպան տանում, միասին աշխատում են և ձմռանը հետ գալիս: «Մի հոգի գնացել էր, ստեղից փող ուղարկեցին, որ տուն գա»,- փաստեց Հայկ Մխիթարյանը: Լոռու մարզի 250 բնակիչ ունեցող Այգեհատ համայնքից միշտ էլ մեկնել են արտագնա աշխատանքի: 70 տոկոսը օրվա հացը դրսում աշխատելով է վաստակում: Այստեղ, սակայն, մի բանի համար ուրախ են՝ արտագնա աշխատանքի մեկնողները միշտ էլ վերադառնում են:

Արտագնա աշխատանքի գնացածներից մի քանիս արդեն գյուղում են: Նրանք, սակայն, դժգոհ են: «Սաղ կյանքները խոպան են գնացել, բայց այս տարի վիճակները վատ է, համարյա առանց փող են հետ եկել»,- ասաց բնակիչներից Սամվել Շահվերդյանը:

Դժգոհության պատճառն այն է, որ Ռուսաստանում շինարարությունը նախկինի պես աշխույժ չէ, եղած դեպքում էլ վարձատրությունն է ցածր: Չնայած ձախողումներին` նրանք չեն հրաժարվում արտագնա աշխատանքից: Պնդում են` օրերը բացվելուն պես, կրկին գնալու են: «Փողը ներդնում են անասնակեր են առնում, բայց գումարն անգամ չեն կարողանում հանել, էնտեղ գիտեն, որ քչից-շատից փող կա»,- շեշտեց գյուղացին:

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքը հայտնի է իր խոպանչիներով: Խոպանի փողերով այստեղ երկհարկանի շքեղ տներ են կառուցվել, փողոցներ ասֆալտապատվել: Վերջերս, բայց նույնն անել չեն կարողանում: Հատկապես այս տարի նրանց գործերը վատացել են: Փինաջյանների ընտանիքի որդին Ռուսաստանում է աշխատում: Վերջերս գյուղից կնոջն ու 3 երեխաներին է այնտեղ տեղափոխել: Երանոսում մնացած թոշակառու ծնողները որդու ուղարկած գումարով են ապրում: Տարվա ընթացքում որդին մեկ-երկու անգամ է փող ուղարկել:

«Եղանակը վատ էր էնտեղ՝ քամի ու անձրև էր: Ասում է՝ մամա, անձրևները չեն թողել, որ տնից դուրս գամ, գումար աշխատեմ: Գործ չի եղել»,- պատմեց մայրը»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով