Թուրքիան Գյուլենի արտահանձնման հարցում ԱՄՆ-ից դրական նախանշաններ չի տեսնում

Միացյալ Նահանգներ կատարած այցից վերադարձած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին իրենց հանձնելու նախանշաններ այս պահին չկան: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Յըլդըրըմը հայտարարել է, որ իրենք լուրջ ապացույցներ ունեն, որոնց հիման վրա ամերիկյան կողմը պետք է իրենց հանձներ Գյուլենին: «Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ: Նմանօրինակ մի բան էլ կատարվեց ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին: Երբ այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց, որ իրենց երկիրը հարձակման տակ է, Թուրքիան առաջին երկրներից էր, որ առաջարկեց օգնել և զինվորներ ուղարկեց Աֆղանստան: Մենք չհարցրեցինք, թե ով է այդ հարձակման հետևում կանգնած: ԱՄՆ-ն որպես պատասխանատու հռչակեց «Ալ-Քաիդա»-ին: Ոչ ոք Միացյալ Նահանգներին չասեց՝ արդյոք դու ունես դրա ապացույցները»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Նա նշել է նաև, որ իր այցի շրջանակում ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը որևէ երաշխիք չի տվել Գյուլենի արտահանձնման թեմայով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով