Զոհված 4 զինծառայողի ընտանիքի և 1 զինհաշմանդամի 10-ական միլիոն դրամ հատուցում է տրվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սեպտեմբերից մինչեւ օրս փոխհատուցում է տվել զոհված 4 զինծառայողի ընտանիքի անդամներին եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած 1 զինծառայողի:

Հիմնադրամի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը նոյեմբերի 9-ի որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ առաջին խմբի զինհաշմանդամ զինծառայողի:

Նոյեմբերի 10-ին ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Թաթուլ Արամայիսի Հարութունյանի ընտանիքին է փոխանցվել միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ: Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար: 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում էր ստացել, որի արդյունքում առաջին կարգի հաշմանդամություն է ձեռք բերել:

Հոկտեմբերի 17-ին էլ պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի ընտանիքին է փոխանցվել միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 350 000 ՀՀ դրամ: ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 28-ին` ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով: Ի դեպ, Ղամբարյանի հարազատները լրատվամիջոցների հետ զրույցում պնդել են, որ Արկադի Ղամբարյանը հակառակորդի գնդակից չի զոհվել:

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հոկտեմբերի 3-ին էլ որոշում էր կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում՝ զոհված 3 զինծառայողի ընտանիքների: Նույն օրը ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արման Սամվելի Մովսիսյանի, ավագ լեյտենանտ Արտակ Աղասու Բիշարյանի և մայոր Ռոբերտ Նովրուզի Գասպարյանի ընտանիքներին է փոխանցվել միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ շարքային Արման Սամվելի Մովսիսյանի ընտանիքին, իսկ ավագ լեյտենանտ Արտակ Աղասու Բիշարյանի և մայոր Ռոբերտ Նովրուզի Գասպարյանի ընտանիքներին՝ ամսական 300 հազարական ՀՀ դրամ:

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով