«Աստված սեր է, սիրի՛ր և ուզածդ արա՛». հետազոտվեցին զինված խմբի գործով ապացույցները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ շարունակվեց 2015 թվականին նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:

Այս փուլում դատարանը հետազոտում է ապացույցները. հրապարակվեցին քրեական գործի առաջին հատորում առկա ապացույցները և դեռ 37 հատոր էլ կա: Սա նշանակում է, որ մի քանի ամիս դատարանը միայն կհետազոտի գործում եղած ապացույցները: Ապացույցների հետազոտումը, սակայն ամբաստանյալներից շատերին, մեղմ ասած, չի հետաքրքրում: Մասնավորպես, եթե առաջ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն էր իրեն նվիրել ընթերցանությանը, ապա այսօր նրան էր միացել նաև Հայր Անտոն Թութունջյանը:

Նիստի ընթացքում հրապարկվեց հիմնականում զինված խմբի ամդամների բնակության վայրերում կատարված խուզարկությունների արձանագրությունները: Ըստ գործի նյութերի՝ խուզարկություններին մասնակցել են նաև հետախույզ շներ «Ջինան», «Ալֆան»՝ իրենց շնավարժների հետ: Թեև ԱԱԾ-ն նրանց բնակարաններում զենք-զինամթերք է փնտրել, սակայն դրանց փոխարեն հայտնաբերել և առգրավվել են խմբի անդամների բջջային հեռախոսները, հիշողության քարտերը, կրիչները, հեռախոսաքարտերը, համակարգիչներ, փաստաթղթեր, գրառումներ, անգամ գրիչներ:

Մասնավորապես, ամբաստանյալ մագիստրոս Արա Պողոսյանի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են «Հայոց խորհուրդ» հայրենասիրական ՀԿ-ի փաստաթղթերն ու ծրագրային գրառումները՝ «Մեծ մագիստրոս Արա Պողոսյան» ստորագրությամբ:

«Ծրագրային» գրառումներից էին՝ «Ինքնակազմավորումից հետո կառուցել ազգային պետություն, ազգային տնտեսություն…», «Ձևավորել ժամանակավոր կառավարություն», «Ստեղծել «Հայոց վահան»-ի լրատվական գործակալություն»: Դատական նիստերի դահլիճում ծիծաղ առաջացրեց հատկապես հայտնաբերված հետևյալ գրառումները. «Թող մարի արևը, միայն թե ծագի Հայոց անկախության արևը», «Թող մարեն աչքերս, միայն թե ծագի Հայոց անկախության արևը», և «Գրողի ծո՛ցը Սահմանադրական բարեփոխումները», «Ասենք ո՛չ» բովանդակությամբ թռուցիկներ: Ուշագրավ էր նաևւ այն, որ ամբաստանյալի պայուսակից հայտնաբերվել է ոստիկանական համազգեստ՝ լեյտենանտի կոչումներով:

Ամբաստանյալներից Հրանտ Վարդանյանի (Արթուր Վարդանյանի եղբոր,-հեղ.) բնակարանից խուզարկության արդյունքում հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված, որն առգրավվել է իրավապահ մարմինների կողմից: Թե ինչ զանգված է եղել հայտնաբերվածն այդպես էլ չի նշվել:

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են փամփուշտներ, որոնք ևս առգրավվել են: Բացի դա, հայտնաբերվել և առգրավվել են կրինչեր, համակարգիչ:

Ամբաստանյալ Գեւորգ Ջնդոյանի բնակարանում նույնպես իրավապահները հայտնաբերել են թռուցիկներ ու գրառումներով թղթեր՝ «Աստված սեր է, սիրի՛ր և ուզածդ արա՛», «Անչափահասների պատրաստության ծրագիր» գրառումներով:

Իսկ ահա Վահագն Սալնազարյանի բնակարանում հայտնաբերվել է ՕԵԿ-ի անդամատոմս: Արձանագրության ընթերցումից հետո նրա պաշտպան Մնացական Ղազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իր պաշտպանյալի բնակարանում չեն հայտնաբերվել զենք-զինամթերք, նրա համակարգիչներում որևէ տեղեկություն չի պարունակվել «Հայոց վահան» կազմակերպության ծրագրերի վերաբերյալ: Բացի դա, ըստ պաշտպանի՝ նրանից առգրավված համակարգչային տեխնիկան ամբողջովին վերադարձվել է, քանի որ քննությանը հետաքրքրող որեւէ նյութ չի պարունակել: Մնացական Ղազարյանի խոսքով՝ իր պաշտպանյալի բնակարանում հայտնաբերված Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Հայաստանի քարտեզները կնոջն են. իր պաշտպանյալի կինը աշխարհագրության ուսուցչուհի է: Հայտարարությունն ամփոփելով Ղազարյանն ասաց, որ իր պաշտպանյալը որեւէ առնչություն չունի հանցավոր խմբի հետ:

Դատարանում այսօր հրապարակվեցին նաեւ այն մեղադրյալների բնակարաններում կատարված խուզարկության արձանագրությունները, որոնք ոչ թե այս, այլ սույն գործի անջատված մասով են անցնում:

Մասնավորապես՝ հրապարակվեց Լիլիթ Թորոսյանի բնակարանում կատարված խուզարկության արձանագրությունները. նրա բնակարանից էլ են հայտնաբերել կրիչներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով