ԱԺ պատգամավորն ու պահպանակները. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի գործերը շարունակում են վատանալ։ Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք այն փաստին, որ պատգամավորը վաճառքի է հանել իրեն պատկանող «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արման Սահակյանին պատկանող մյուս բիզնես ճյուղերում եւս գործերը լավ չեն ու եթե սրան էլ հավելենք այն հանգամանքը, որ նրա տանիքը հանդիսացող Միքայել Մինասյանը հրաժարվել է հովանավորել վերջինիս, ապա պատկերը պարզ է դառնում։

Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հրաժարվում է նախկին պարտնյորին հովանավորել երկու պատճառով` առաջին. Արման Սահակյանը ամբիցիաներ է դրսեւորում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի փոխարեն։ (Այս մասին մենք գրել էինք մեր հրապարակումներում), իսկ Միքայել Մինասյանը չի ուզում փչացնել հարաբերությունները ՀՖՖ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Երկրորդ. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Միքայել Մինասյանը «Պրեսստենդի» իր բաժնետոմսերը վաճառել է Արման Սահակյանին՝ ազատվելով իր համար գլխացավանք դարձած մամուլի տարածմամբ զբաղվող բիզնեսի այս տեսակից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանի փեսայի հեռանալը ծանր հետեւանքներ է թողել Արման Սահակյանի վրա եւ կանգնեցրել ֆինանսական խնդիրների առաջ։ Զավեշտալին այն է, որ վերջին ժամանակներում թերթերի վաճառքով զբաղվող կրպակները դարձել են մինիմարկետներ, որտեղ ամեն ինչ վաճառում են, բացի թերթերից, անգամ՝ պահպանակներ։ Փաստորեն, ԱԺ պատգամավոր, «Պրեսստենդի» սեփականատեր Արման Սահակյանը մնացել է պահպանակների վաճառքի հույսին»:

Ավելին` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով