Քաղցած լոպպազություն և միջնադարյան վանդալիզմ

Հայաստանյան աշունը հարուստ է ոչ միայն էլիտար ու շարքային հարսանիքներով եւ այլազան խնջույքներով, այլեւ որոշ քաղաքների օրվան նվիրված տոնակատարություններով:

Գյումրին օրերս տոնեց իր օրը, անցած հանգստյան օրերին Էջմիածինն ու Վանաձորը՝ իրենցը, հերթում մայրաքաղաք Երեւանն է: Նախորդ շաբաթը նշանավորվեց նաեւ Սերժ Սարգսյանի եւ քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչների կողմից Խնձորեսկում տեղի ունեցած Սպարապետի օրվան նվիրված միջոցառմամբ (Խնձորեսկում է գտնվում Մխիթար Սպարապետի գերեզմանը)։ Եվ սա այն դեպքում, երբ երկրում, պաշտոնական տվյալներով, մոտ 31 տոկոս աղքատություն է, թանկացումների հերթական ալիքը, կառավարությունն էլ գոտիները ձգելու ռեժիմ է հայտարարել:

Ակներեւ է, որ նման միջոցառումները ոչ այնքան հասարակությանը զվարճացնելու միտում ունեն, որքան անիմաստ, անհեթեթ ցուցամոլության դրսեւորում են եւ մարդկանց ուշադրությունը պայքարից ու կենցաղային դժգոհություններից շեղելու հիանալի միջոց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հուլիոսկեսարյան «հաց ու տեսարաններ» բանաձեւը կատարյալ կլիներ, եթե հասարակությունը տեսարաններով ապահովելուն զուգահեռ նաեւ հացով ապահովվեր: Ուստի նման անիմաստ ցուցադրականության վրա ծախսվող միջոցները, արդարեւ, կարելի էր ուղղորդել սոցիալական տարբեր ծրագրերի իրականացմանը, որոնք, վստահաբար, ավելի բարձր կգնահատվեին ձմեռնամուտին ահուդողով պատրաստվող անապահով խավի կողմից:

Ինչպեսեւ հայտնել էինք, Վանաձորի օրվան նվիրված «Բարեկամության երթ» տոնակատարությանը, որի վրա համայնքային բյուջեից ծախսվել է շուրջ 7 միլիոն դրամ, հրավիրված էին կառավարության երեւելիները՝ վարչապետի գլխավորությամբ: Վարչապետ Կարապետյանն իր ներկայությամբ պատվել է մեկ տարի առաջ այս օրերին սկանդալային քվեարկության արդյունքում քաղաքապետ դարձած Մամիկոն Ասլանյանի կազմակերպած հանդեսն ու ֆոտոխցիկների առաջ անմահացել իր հոլիվուդյան ժպիտով:

Տոնակատարության «արանքում», ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքից, վարչապետ Կարապետյանը նաեւ ներկա է գտնվել իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությանը: Հիշյալ ՍՊԸ-ն կոմպոզիտային բալոնների արտադրությամբ զբաղվող միջազգային ինդուստրիալ ընկերություն է, որը գործունեություն է ծավալում Թուրքիայում, Թաիլանդում եւ ՌԴ-ում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՍՊԸ-ն նախատեսում է Լոռու մարզում ներդրումային ծրագիր իրականացնել, որոնց ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 130 մլն․ ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը (ենթակառուցվածքների հետ միասին)՝ մինչեւ 2 հազար մարդ: Նկատենք, որ Շիրակի խճուղի թիվ 6 հասցեի հողամասը նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով վերոհիշյալ ՍՊԸ-ին տրամադրելու մասին որոշումը Վանաձորի ավագանին իր սեպտեմբերի 19-ի նիստում է կայացրել:

Իշխանական վերնախավը, փաստորեն, կիսվել է․ առաջին դեմքն ու մի քանի նախարարներ՝ ուժային ԱԻ, ՊՆ նախարարները մեկնել են հեռավոր Սյունիք, ինչպես նաեւ Վահե Հակոբյանի մարզպետության մեկ տարին նշելու, իսկ թեթեւ՝ խաղարկային-էստրադային ժանրի միջոցառումներին մասնակցելու տոմսն էլ բաժին է հասել դրայվով-հավեսով վարչապետին:

Տեղափոխվենք Էջմիածին: 2702-ամյա կաթողիկոսանիստ քաղաքի տոնը քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վերածել է Էրեբունի-Երեւանի տոնակատարության․ քաղաքը, ինչպես նաեւ տոնի մասնակիցների կուրծքը զարդարված է եղել քաղաքի խորհրդանիշի գույներով՝ դեղին ու մանուշակագույն պաստառներով, կրծքանշաններով, տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որը հեռարձակվել է նաեւ առցանց, տոնական շքերթ, այլ միջոցառումներ։

Կարեն Գրիգորյանն էլ պաթետիկ ելույթ է ունեցել. «Պատմության ողջ ընթացքում մեր քաղաքը ճակատագրորոշ նշանակություն է ունեցել հայ ազգի համար: Մեր քաղաքը եղել է ե´ւ արքայանիստ, ե´ւ կաթողիկոսանիստ: Էջմիածնեցիները մասնակցել են հայ ազգի համար բախտորոշ բոլոր պատերազմներին: Էջմիածնեցիները մտավորական են, գիտնական, շինարար, հմուտ արհեստավոր եւ բարձրարժեք արվեստագետ: Էջմիածնեցին մշտապես տվել է հայրենիքին, պետությանը, ինչ կարող է, տվել է առանց փոխհատուցում պահանջելու:

Մեր սուրբ քաղաքը, էջմիածնեցին վաստակել են տոն ունենալու, լիաթոք ուրախանալու իրավունքը… Հարգելի´ էջմիածնեցիներ, ձեռք ձեռքի տված, փոխվստահության մթնոլորտում մենք կառուցելու ենք մեր երազանքների Էջմիածինը»: «Փոխվստահության մթնոլորտ», «ձեռք ձեռքի տված» արտահայտությունները, հավանաբար, էջմիածնեցիներից շատերի մոտ քմծիծաղ է առաջացրել, քանի որ, ինչպես հայտնի է, Էջմիածինն այն քաղաքն են, որը հայտնի է մանվելգրիգորյանական խորանիստ բարքերով:

Այստեղ մեկ տարի առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախօրեին քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը դաժան ծեծի ենթարկվեց գեներալի որդիների եւ նրանց աջակիցների կողմից, քրեական գործ հարուցվեց, այժմ էլ շարունակվում է հարուցված գործով դատաքննությունը: «Քաղցած լոպպազի» բարդույթը, ինչպես տեսնում ենք, ոչ միայն չի հաղթահարվել իշխանավորների կողմից, այն է՛լ ավելի խորանալու միտում է դրսեւորում՝ պատուհաս դառնալով պետական բյուջեի սուղ միջոցների համար:

 

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով