«ՀԺ». Գորիսում «հետաքրքիր» զարգացումներ են սպասվում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գորիսի համայնքապետի արտահերթ ընտրությունների համար թեկնածուների առաջադրումները սկսվում են հոկտեմբերի 10-ից: Գորիսում սպասվում են հետաքրքիր զարգացումներ: Օրերս երկար լռությունից հետո իր մասին հիշեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Նա 1in.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի տարիքի վերաբերյալ հարցին, նշել էր. «Գորիսը թեկնածուների առումով նման տառապյալ փորձ ունեցել է նաեւ սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին նշանակեցին քաղխորհրդի նախագահ: Դրանից ժողովուրդը շատ չտուժեց, կարծում եմ, որ հիմա էլ շատ չի տուժի»:

Իսկ պատասխանելով հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը դե՞մ է երիտասարդ թեկնածուին, վերջինս նշեց. «Նենց չի, որ դեմ եմ-կողմ եմ՝ դա թող ես իմանամ, բայց համենայնդեպս տառապյալ փորձը կա»: Եվ վերջում էլ՝ լրագրողի ճշտող հարցին՝ չի՞ աջակցի Առուշ Առուշանյանին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է կարճ ու միանշանակ. «Իհարկե՝ ոչ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մի քանի արտահայտություններն ավելին էին, քան կարող էր ասել Սյունիքի նախկին մարզպետը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց 26-ամյա Առուշ Գագիկի Առուշանյանին, քանի որ Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը, որը Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալներից էր համարվում, սեպտեմբերի 8-ին պարտադրված հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Ադունցի հրաժարականից հետո լուրեր շրջանառվեցին, որ դա պայմանավորված էր հանգամանքով, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է ազատվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից, ովքեր իրեն չեն ենթարկվում: Ինչեւէ՝ անմիջապես սկսվեց Գորիսի քաղաքապետի երիտասարդ պաշտոնակատարի մասին տարաբնույթ լուրերի հոսքը մամուլ: Հիշեցին, որ Առուշ Առուշանյանը դաջվածքներ ունի, մատնանշվեց, որ երիտասարդ է, անփորձ եւ այլն: Ու Առուշանյանի մերձավոր շրջապատում կասկած չկար ու հիմա էլ չկա՝ այդ խոսակցությունների սկզբնաղբյուրը հենց Սուրիկ Խաչատրյանի շրջապատն է:

Որ Սուրիկ Խաչատրյանը չէր պաշտպանելու Առուշ Առուշանյանի թեկնածությունը՝ հասկանալի էր ի սկզբանե՝ Խաչատրյանների ու Առուշանյանների հարաբերությունները վաղուց են լարված. Խաչատրյանը չի աջակցի Առուշանյանին. թեեւ Առուշանյանը ՀՀԿ-ի թեկնածուն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն նույն ՀՀԿ-ի, որի անունից երկար տարիներ հանդես էր գալիս Սուրիկ Խաչատրյանը: Իհարկե, հիմա Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ-ի Սյունիքի մարզի տարածքային կառույցի ղեկավարը չէ, ինչպես նախկինում, հիմա Սյունիքի ՀՀԿ տարածքային կառույցը ղեկավարում է գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Եվ ի սկզբանե ակնհայտ էր նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը ամենեւին էլ մտադիր չէ հենց այնպես՝ հեշտ ու հանգիստ «հանձնել» իր դիրքերը Սյունիքում, առավել եւս՝ իր հայրենի Գորիսում: Գորիսից մեզ հայտնում են, որ նախկին մարզպետը, որքան էլ աշխատում է շատ չերեւալ ու փորձում է ցույց տալ, թե ընտրություններն իրեն չեն հետաքրքրում, ավելի շատ «տակից է գործում», ընդ որում՝ երկու ճակատով: Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ վերջերս Սուրիկ Խաչատրյանն այլընտրանքային թեկնածուի ակտիվ որոնումների մեջ էր:

Ըստ Գորիսում շրջանառվող խոսակցությունների՝ նա փորձում է Գորիսում քաղաքապետի թեկնածու առաջադրել իր ազգականներից մեկին՝ Արամ անունով, որին էլ հիմնականում կաջակցի՝ իր բոլոր ռեսուրսներով հանդերձ: Մյուս կողմից՝ այս քաղաքական ներկայացման տեսարժանությունն ապահովելու համար միգուցե Սուրիկ Խաչատրյանը փորձի աննկատ աջակցել իր երբեմնի «ամենաթեժ» ընդդիմախոսներից ու ընդդիմադիրներից մեկին:

Իսկ Առուշ Առուշանյանի կողմնակիցներն այս ամենին հանգիստ են վերաբերվում ու վստահ են, որ իրենց թեկնածուն ուժեղ դիրքերում է: Գորիսից մեր աղբյուրները փոխանցեցին, որ քաղաքում բավականին ազդեցություն ունեցող Բուդաղյանները, նախկինում Ադունց-Խաչատրյան ճակատի դեմ դուրս եկած քաղաքապետի թեկնածուներից ոմանք, եւ էլի կարող շատ ուժեր լիակատար աջակցություն են հայտնել Առուշ Առուշանյանին ու ամբողջությամբ սատարելու են նրան՝ թե՛ հիմա, որպես քաղաքապետի պաշտոնակատար, թե՛ հետո, երբ Առուշ Առուշանյանը առաջադրվի: Հասարակական կարծիքը նույնպես Առուշանյանի օգտին է խոսում:

Իրերի այսպիսի դասավորությանը Սուրիկ Խաչատրյանը չի կարող համակերպվել՝ բնական է: Եթե նա «հանձնի» Գորիսը, նշանակում է վերջնականապես կորցնել գրեթե բոլոր լծակներն ու դիրքերը, որոնք հետագայում կարող են ինչ-ինչ հարցերում օգնել իրեն:

Ու այնպես էլ չէ, որ Սուրիկ Խաչատրյանը թույլ ու անռեսուրս է, այսինքն՝ այնպես չէ, որ հակադրությունը թույլ է լինելու: Ընդ որում՝ տրամաբանությունը հուշում է, որ իր երբեմնի ընդդիմադիրին աջակցելը ինքնանպատակ չէ:

Եթե նախկին ընդդիմադիրը լավ արդյունքներ գրանցի՝ սրանով Սյունիքի նախկին մարզպետը կփորձի ցույց տալ, որ իր օրոք Սյունիքում ու հատկապես Գորիսում ոչ ոք չէր կարող «ճուտ հանել», իսկ երիտասարդ թեկնածուի դեպքում այդպես չէ, եւ հատկապես կշեշտվի, որ Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը չի տիրապետում իրավիճակին:

Այդպիսով՝ այս ընտրություններում նվազագույն խնդիրը՝ «ջուրը պղտորելն է», որտեղ ձուկ որսալն ավելի հեշտ կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով