Ինչ սպառազինություն է ձեռք բերելու Հայաստանը Ռուսաստանից 100 մլն դոլարով

Հայ-ռուսական 200 մլն դոլար վարկային համաձայնագրով նախատեսվող ռուսական ողջ սպառազինությունը չստացած՝ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 12-ի նիստում հավանության արժանացրեց հայ-ռուսական վարկային մեկ այլ համաձայնագրի նախագիծ: Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի պետական վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորման համար:

Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ-ի կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով: Վարկը պետք է օգտագործվի 2018-2022 թթ.:

Հիշեցնենք, որ ներկայումս գործում է 2016թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին տրամադրվում է 200 մլն դոլար՝ սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։ Այս վարկի շրջանակներում կնքվել է առանձին 18 պայմանագիր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջերս ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ 200 մլն դոլարի վարկի պայմանագրով Ռուսաստանից Հայաստանի զինված ուժերին սպառազինության մատակարարումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2018 թվականը: Նա վստահեցրեց, որ գնման ընթացակարգը շարունակվում է սահմանված ձևով։ Սակայն ուշագրավ է, որ այս պայմանագրով նախատեսվող սպառազինության մատակարարումը բավականին ուշ սկսվեց, և որոշ ռուս վերլուծաբաններ ուշացումը կապեցին Ադրբեջանի հետ նույնատիպ գործարքների հետ՝ այս համաձայնագիրը ռուսական կողմի ձեռքում Ադրբեջանի նկատմամբ մահակ օգտագործելով: Վարկային վերոնշյալ պայմանագրի հետ կապված ռուսական ԶԼՄ-ներում նույնիսկ մի շարք սադրանքներ եղան:

Անակնկալ կերպով ռուսական լրատվամիջոցները սկսեցին հրապարակել սպառազինության այն ցանկը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի այս պայմանագրով: Որոշ հայ վերլուծաբանների պնդմամբ, դա Ադրբեջանին նմանատիպ սպառազինություն վաճառելու նպատակով արված արտահոսք էր: «168 Ժամը» նոր համաձայնագրի շուրջ խոսեց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևի հետ:

– Պարոն Եվսեև, ապրիլյան պատերազմից հետո, երբ հաստատվեց, որ Հայաստանին ռուսական «Իսկանդեր» է տրամադրվել, սկսվեցին նաև վարկային պայմանագրով նախատեսվող սպառազինության մատակարարումները, ռուսական փորձագիտական հանրությունը պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը վերականգնվել է: Եթե վերականգնվել է, և եթե նախորդ պայմանագրով նախատեսվող մատակարարումները դեռ շարունակվում են, ավելին՝ դրանք բավականին մեծ ուշացումով սկսվեցին, ինչո՞ւ է Հայաստանը կրկին սպառազինություն ձեռք բերում Ռուսաստանից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Այո, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունն ապրիլյան պատերազմից հետո վերականգնվել է, այս հարցում էական դերակատարություն է ունեցել «Իսկանդեր» համակարգը: Պետք է նշեմ, որ անցյալ տարի բռնկված ապրիլյան պատերազմը մեծապես այդ խախտված ռազմական հավասարակշռության հետևանք էր: Ադրբեջանը որակապես և քանակապես ռազմական առավելություն էր ստացել Հայաստանի նկատմամբ: Բացի նշածս համակարգից, Հայաստանին այլ համակարգեր ևս տրամադրվել են ռազմական հավասարակշռության վերականգնման համար, որոնց մասին ես բազմիցս եմ խոսել:

Պարզապես Հայաստանն այսօր ամրապնդում է սեփական ռազմական ներուժը՝ փորձելով Ռուսաստանից ձեռք բերել այնպիսի զինատեսակներ, որոնք է՛լ ավելի կամրապնդեն այդ ներուժը: Խոսքը հակաօդային պաշտպանության և համազարկային կրակի ծանր հրետանային համակարգերի մասին է: Հարվածային համակարգերի կարիք Հայաստանն ունի, իսկ հակաօդային ամուր պաշտպանություն Հայաստանին անհրաժեշտ է, քանի որ Ադրբեջանն Իսրայելի օգնությամբ իր այդ ոլորտում Հայաստանի նկատմամբ մեծ առավելություն է ձեռք բերել: Այն, ինչ Հայաստանն այս համաձայնագրով ձեռք բերի, կպաշտպանի Հայաստանի օդային տարածքն անակնկալներից:

Այս նոր պայմանագիրը կարելի է դիտարկել հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագրին կից: Ռուսաստանը փորձելու է անել ամեն բան, որպեսզի ուժերի միջև առկա հավասարակշռությունը չխախտվի, խուսափելու համար Ղարաբաղում նոր ռազմական գործողություններից:

– Եթե նշում եք, որ վարկային նոր պայմանագիրը պետք է դիտարկել հայ-ռուսական միացյալ զորախմբի շրջանակում, իսկ դրանով ձեռք են բերվում այնպիսի զինատեսակներ, որոնցով կամրապնդվի Հայաստանի օդային պաշտպանությունը, կլրացվեն բացերը, նշանակո՞ւմ է արդյոք, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը դերակատարություն է ունենալու ԼՂ հակամարտության հարցում ևս, քանի որ Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքն Ադրբեջանն է:

– Զորախումբն էական զսպիչ դերակատարություն ունի ԼՂ հակամարտության հարցում ևս: Թեև սա շատ ավելի գլոբալ պրոյեկտ է: Ընդհանուր առմամբ զորախումբը Հայաստանի շուրջ առկա բոլոր սպառնալիքները զսպող դերակատարություն է ունենալու:

Առաջին ուղղությունը, որը կլինի զորախմբի ուշադրության կենտրոնում, Նախիջևանն է, երկրորդը՝ Թուրքիան, որից սպառնալիքների հավանականությունը զրոյանում է, քանի որ կարգավորվել են ռուս-թուրքական հարաբերությունները: Եվ երրորդ՝ զորախումբը կարող է գործել, եթե ԼՂ հակամարտության բռնկման դեպքում ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործողություններ սկսի Հայաստանի դեմ: Այս զորախումբն անուղղակիորեն վերաբերում է նաև Ղարաբաղին, թեև Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանն ըստ էության պարտավորություններ չունի:

Ուժեղ ՀՕՊ համակարգը Հայաստանին թույլ է տալիս վերահսկել Ղարաբաղի օդային տարածքը, ինֆորմացիա ստանալ, որից ադրբեջանական կողմը զգուշանում է և զգուշացավ նաև ապրիլյան պատերազմի օրերին, ինչը հասկանում ենք, երբ վերլուծում ենք, թե ինչպիսի զինատեսակներ է Ադրբեջանն օգտագործել ապրիլյան պատերազմի օրերին: Այս զորախումբը դրական դերակատարություն կարող է ունենալ նաև այն պատճառով, որ հայ մասնագետները կսովորեն օգտվել ժամանակակից սպառազինությունից, անընդհատ աշխատանքներ կտարվեն այս ուղղությամբ ռուս մասնագետների հետ:

Այս զորախումբը կարևոր դերակատարություն ունի, եթե հաշվի առնենք նաև այն սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ Իրաքի Քրդստանում իրավիճակի ապակայունացման հետևանքով: Բոլոր ուղղություններով այս զորախումբը կարող է իր դրական դերակատարությունն ունենալ՝ ամրապնդելով Հայաստանի անվտանգությունը բոլոր ուղղություններով:

– Ինչո՞վ է այս զորախումբը կարևոր Ռուսաստանի համար:

– Բնականաբար, շատ կարևոր է, քանի որ սա Հարավային Կովկասում ՌԴ-ի միակ միացյալ զորախումբն է և ռազմական ներկայությունը: Ռուսաստանը զորախմբեր ունի Աբխազիայում, Հարավային Օսիայում ևս, բայց այս զորախումբը տարբերվում է, քանի որ մի ողջ մեծ տարածաշրջանի մարտահրավերներ պետք է վերահսկի: Սրանով արդեն իսկ այս զորախումբը կարևոր է Ռուսաստանի համար, սա ամրապնդում է այս տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը:

– Փորձագիտական հանրության և քաղաքական որոշ շրջանակների կարծիքով՝ սա Ռուսաստանին Հայաստանի ինքնիշխանության զիջման հերթական ակտն է:

– Ես համաձայն չեմ այդ կարծիքներին, քանի որ սա միացյալ զորախումբ է, այն ռազմական խնդիրներ է լուծելու միասնական որոշման արդյունքում: Ռուսաստանը չի կարող որոշումներ կայացնել Հայաստանի փոխարեն:

– Հնարավոր է՝ նոր վարկային պայմանագրով ձեռք բերվելիք սպառազինության ցանկը ևս հանրայնացվի մամուլի միջոցով: Դա ձեռնտո՞ւ է Ռուսաստանի համար:

– Նման արտահոսքերը վերահսկելը չափազանց բարդ է, դա անվերահսկելի գործընթաց է: Իհարկե, սա գաղտնի տեղեկատվություն է, բայց անհնար չէ մանրամասներ կորզել նմանատիպ գործարքների մասին, այնպես որ, չի բացառվում ոչինչ: Դա ամենևին չի նշանակում, որ ռուսական կողմը դրանում հետաքրքրված է, ռուսական կողմն առանց այդ հրապարակումների փորձում է պահպանել հավասարակշռություն, չփորձելով խախտել այս պայմանագրերի գաղտնիության անհրաժեշտությունը: Ուզում եմ նաև նշել, որ, այնուամենայնիվ, սպառազինությունն այն հարցն է, որի մասին ամբողջական արտահոսք երբեք չի կարող լինել, և ժամանակ առ ժամանակ արտահոսքերը չեն կարող լիարժեք պատկեր ապահովել հակառակորդի համար:

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով