«Ելքը» շատ լավ գիտեր՝ այս նախաձեռնության ելքը ինչ է լինելու. «Հայոց Աշխարհ»

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» նախաձեռնությունը մեկնաբանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

-«Ելք» դաշինքի հիմնավորումների բոլոր պատասխանները ես թվային ցուցանիշներով տվեցի, պաշտոնական տվյալները բերեցի, համեմատական վերլուծություն արեցի՝ ինչ ունեինք մինչեւ ԵԱՏՄ մտնելը, եւ ինչ ունենք ԵԱՏՄ մտնելուց հետո, համեմատեցի Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ։ Խոսենք փաստերով. 2016թ. դրությամբ Հայաստանի իրական ՀՆԱ-ն 2014թ. նկատմամբ գրանցել է 3,4 տոկոս աճ։

Նույն ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով, իսկ 2017թ. հունվար-հունիս ամիսներին 2014թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 14,1 տոկոս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե առաջնորդվենք «Ելքի» առաջարկած մեթոդաբանությամբ եւ համեմատենք 2016թ. եւ 2014թ. ՀՆԱ-ի նոմինալ ցուցանիշները՝ դոլարային արտահայտությամբ, Հայաստանում, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն, ՀՆԱ-ն իրոք նվազել է 9 տոկոսով։ Համեմատեք այս ցուցանիշները համադրելի երկրների հետ, եւ կտեսնեք, որ Վրաստանում ՀՆԱ-ի ցուցանիշը նույն ժամանակահատվածում նվազել է 14 տոկոսով, Մոլդովայում՝ մոտ 16 տոկոսով, Ուկրաինայում՝ 22 տոկոսով։

Պատճառը, կարծում եմ, ակնհայտ է բոլորի համար. ամերիկյան դոլարն արժեւորվել է՝ նվազեցնելով դոլարային արտահայտությամբ նոմինալ ՀՆԱ-ն բոլոր թվարկված երկրներում, ընդ որում՝ ավելի մեծ չափով, քան Հայաստանի պարագայում։ «Ելք» դաշինքի մյուս «փաստարկն» այն է, թե ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանի արտահանման պոտենցիալը սահմանափակվել է։

Դա ուղղակի չի համապատասխանում իրականությանը։ Համաձայն վիճակագրական տվյալների՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում արտահանման ծավալների զգալի աճ է արձանագրվել, մասնավորապես ԵԱՏՄ շուկա արտահանվող հայկական ապրանքների ուղղությամբ։ 2016թ. նախորդ տարվա համեմատ ԵԱՏՄ արտահանված ապրանքների ծավալն աճել է 53 տոկոսով, ընդ որում՝ արտահանման 20 տոկոս աճ է գրանցվել նաեւ 2014թ. համեմատ, երբ Հայաստանը դեռ չէր էլ անդամակցել ԵԱՏՄ-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2017թ. առաջին 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 29 տոկոսով։ Ինչ վերաբերում է Եվրամիության երկրներին, Հայաստանի ԵԱՏՄ մտնելը չի խոչընդոտել նաեւ մեր ապրանքների մուտքը եվրոպական շուկա։

2016թ. նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրներ արտահանումն աճել է 15,9 տոկոսով, 2017թ. առաջին 7 ամիսներին գրանցվել է ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների աճ՝ 22,9 տոկոսով, այդ թվում արտահանման աճը կազմել է 31,8 տոկոս, ներմուծումը՝ 16,8 տոկոս։ Նույնը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին. բավական է ասել, որ 2013թ. գյուղմթերքների արտահանումը կազմել է 64 հազար տոննա, 2016թ.՝ 146 հազար տոննա, որի 90 տոկոսը իրացվել է ԵԱՏՄ երկրներում։ Եվ այս ամենը՝ եղանակային անբարենպաստ պայմաններում։

Այսինքն՝ պետք է խոսել փաստերով, ոչ թե ինչ-որ աղբյուրներից վերցնել եւ հրապարակել թվեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Իսկ իրականությունն այն է, որ մեր մարտավարությունը ճիշտ է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի մեջ որեւէ փոփոխություն չկա. մենք պետք է, ԵԱՏՄ-ում մնալով, ամրապնդենք համագործակցությունը Եվրոպայի հետ եւ շարունակենք աշխատել եվրոպական ընտանիքի, ընդհանրապես Արեւմուտքի եւ բոլոր այն երկրների հետ, որոնց հետ կարող ենք համագործակցության եզրեր գտնել։

–Ի վերջո, սա մեզ համար ավելի շատ տնտեսակա՞ն խնդիր է, թե՞ քաղաքական։

-«Ելքի» «ծանրակշիռ» փաստարկները հիմնականում տնտեսական դաշտում են, բայց քաղաքական տեսանկյունից էլ իրենց հիմնավորումները, մեղմ ասած, կաղում են։ Չմոռանանք, որ մենք ԵԱՏՄ միակ երկիրն ենք, որ պատրաստվում ենք ԵՄ հետ համագործակցության համաձայնագիր ստորագրել։

–Մեզ հաջողվեց համոզել ԵՄ պատասխանատուներին, որ «կամ–կամ»-ի քաղաքականությունն իրեն չի արդարացնում, եւ եվրոպական հանրությունն ընդունեց «եւ–եւ»-ի մեր քաղաքականությունը։ Ըստ ձեզ՝ «Ելքը» ի՞նչ խնդիր է լուծում՝ մեզ համառորեն մղելով «կամ–կամ»-ի դաշտ։

-Իրենք շատ լավ գիտակցում են, որ սա անիրականանալի նախագիծ է. պարզապես ցանկանում են ընդգծել իրենց ընդդիմադիր կեցվածքը, ակտիվ երեւալ՝ նրանց ամբիոններ են պետք, միկրոֆոններ են պետք։ «Ելքը» նախօրոք գիտեր՝ ինչ ելք է ունենալու այս նախաձեռնությունը։

«Հայոց Աշխարհ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով