«Գորիկ Հակոբյանից ոչ մի օգուտ չկար, մեռնելուց հետո առավել եւս չկա, տարավ իր հետ ամեն ինչ». Բախշյան

Մի քանի օրից կլրանա Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձության 18 տարին: ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը Հոկտեմբերի 27-ի կարեւորագույն վկաներից էր, որը տիրապետում էր մեծ ինֆորմացիայի:

Նրա մահվանից հետո Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները, մասնավորապես՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը ափսոսանք է զգում. «Գորիկ Հակոբյանը հսկայական ինֆորմացիա տարավ իր հետ: Այդպիսի լուրջ ինֆորմացիա ունի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը:

Բայց քանի դեռ կոնկրետ ես, որպես տուժող, չեմ բղավում այն մասին, որ այդ գործը պիտի վերաբացվի, որ կան փաստեր, պիտի այդ գործը նորից քննվի, ոչ մեկը շահագրգռված չի բացելու, էլ չասեմ՝ ընդհակառակը: Ուզում են լռեցնել, մի թանձր կարպետով փաթաթել եւ մի մութ տեղ դնել այդ գործը: Այդ գործի բացահայտումը, համենայն դեպս այս իշխանության օրոք մոտ ժամանակներս չի լինի: Ո՞վ է փորձելու այդ գործը նորից քննել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես ինքս, որպես տուժող, ոնց որ թեւերս չեն բարձրանում, շվարած վիճակում եմ, ես չգիտեմ՝ ինչպես դա անել, ում հետ անել, անե՞լ, թե չանե՞լ: Գորիկ Հակոբյանն այսքան տարի կար, բայց էլի ոչ մի օգուտ նրանից չկար, մեռնելուց հետո առավել եւս չկա, տարավ իր հետ ամեն ինչ»:

Մեր հարցին՝ Հոկտեմբերի 27-ի գործով մատների վրա հաշված մարդիկ են մնացել, որ լուրջ ինֆորմացիայի են տիրապետում, նշեցիք Գագիկ Ջհանգիրյանի անունը, նաեւ Նաիրի Հունանյանը դեռ ողջ է, փորձե՞լ եք այս տարիների ընթացքում հանդիպել նրանց հետ, նրանցից փորձել տեղեկություններ ստանալ, որը կօգներ գործի բացահայտմանը՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Չէ, չեմ արել Ջհանգիրյանի հետ այդ հարցով չեմ հանդիպել, Նաիրիի հետ՝ առավել եւս:

Եվ ես մեջս մեղքի զգացում ունեմ այդ առումով: Նաեւ փորձում եմ ինձ արդարացնել, բայց գիտեմ, որ դա արդարացում չի: Ես այդ ուղղությամբ քայլ չեմ արել: Չեմ կողմնորոշվել եւ հիմա էլ չեմ կողմնորոշվում՝ ինչպե՞ս դա պիտի արվի: Ենթադրենք, գնամ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպեմ, նա ինձ ի՞նչ պիտի ասի: Ասող էր՝  կասեր ու կաներ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով