«Ապրիլյան պատերազմում սխալները շատ են եղել». «Առավոտ»

Արցախի ՊԲ գնդապետը վստահեցնում է, որ քառօրյա պատերազմի նման այլեւս հակառակորդը չի կարող մեզ մոլորեցնել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը ՀՅԴ-ի կազմակերպած «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ուշագրավ հայտարարություն էր արել:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրել էր ապրիլյան պատերազմից, թե ինչո՞ւ ստացվեց այնպես, որ հարձակման պահին մեր գործողությունները համարժեք չէին, անսպասելիության էֆեկտ առաջացավ, եւ դրա մասին խոսում են սոցցանցերում:

Գնդապետը պատասխանեց. «Պարբերաբար սրելով իրադրությունը առաջնային գծում, անընդհատ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերով՝ մեր ուշադրությունը սեւեռվել է դրա հակազդմանը: Չունենալով ավելի խորը հետախուզման միջոցներ՝ ի վիճակի չենք եղել: Օրինակ՝ առաջնագիծ է դուրս բերվել 2 տանկ, հաջորդ գիշերը ձայներ են լսվել, որ տանկեր են հետ գնում, զրահատեխնիկայի անընդհատ տեղաշարժերի մեջ նրանց հաջողվել է մեզ մոլորեցնել: Հետո նոր միայն զրահատեխնիկայի կիրառում հայտնաբերելով՝ անցել ենք գործողությունների»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Առավոտը» Վիկտոր Առուստամյանից հետաքրքրվեց՝ եթե ապրիլյան պատերազմից առաջ ադրբեջանցիներին հաջողվել է անընդհատ զինտեխնիկայի տեղաշարժ անել եւ դրանով մեզ մոլորեցնել, այսօր մենք ինչքանո՞վ ենք զգոն եւ պատրաստ՝ նման մոլորություններից զերծ մնալու համար, հնարավո՞ր է նորից մոլորվենք՝ Առուստամյանը պատասխանեց.

«Ներկա դրությամբ նման բան չի կարող լինել, որովհետեւ հիմա մարտավարական գոտում ամեն ինչ վերահսկելի է, ե՛ւ դիտարկման համակարգը, ե՛ւ հետախուզության համակարգը արդեն գործում են լիարժեք, իրենց խնդիրներն ի վիճակի են լուծել, արդեն տեխնիկական հագեցվածությունը կա»: Հարցին՝ մենք ի՞նչ դաս քաղեցինք ապրիլյան պատերազմից, այսօր կարո՞ղ ենք սխալներից խոսել, Վիկտոր Առուստամյանը պատասխանեց. «Սխալները շատ են եղել, եղել է եւ դրականը, կատարվել է վերլուծություն, սխալների ուղղությամբ միջոցներ ձեռնարկվում են, դրականը տարածվում է տարբեր գործողություններով:

Հիմա ամեն ինչ արվում է թերությունները վերացնելու համար: Ամենակարեւոր դասը, որ քաղեցինք ու հասկացանք ապրիլյան պատերազմից, այն էր, որ անկախ նրանից, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, զինված ուժերը պետք է մշտապես լինեն զգոն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մամուլում, սոցցանցերում պարբերաբար բազմաթիվ  խնդիրներ էին նշում, որ տանկերում վառելիք չի եղել, կեղծ վառելիք է եղել: Այս առնչությամբ Վիկտոր Առուստամյանը պատասխանեց. «Նման բան չկա, ես, որպես ՊԲ օպերատիվ բաժնի պետ, ասում եմ, որ բոլոր տանկերը գործարկվել են եւ հասել են իրենց մարտական կիրառման շրջաններին, որեւէ տեխնիկայի ինչ-որ նյութերի բացակայության պատճառով նման խնդիր չեն ունեցել, չի եղել»:

Հարցին՝ հիմա մենք պատրա՞ստ ենք ռազմական ճանապարհով հարցի լուծմանը, Առուստամյանը պատասխանեց. «Պատրաստ ենք եւ կշարունակենք պատրաստվել ու կատարել մեր առջեւ դրված առաջադրանքները»:

«Առավոտ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով