Վազգեն Բադալյան. «Վիկ Դարչինյանը հայկական բռնցքամարտի պատիվը երբեք չի գցել, որ հետո մեկ ուրիշը գա ու փրկի»

Օրերս պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը ԱՄՆ-ում կայացած մենամարտում միավորներով հաղթել է մեքսիկացի Սերխիո Ֆրիասին եւ նվաճել «WBC Continental Americas Super Bantamweight» տիտղոսը, ինչի մասին գրեցին Հայաստանի բազմաթիվ լրատվամիջոցներ:

Aravot.am-ի խմբագրություն զանգահարեց Վախթանգ Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը եւ ասաց հետեւյալը. «Հայաստանի ԶԼՄ-ներից տեղեկացա Ազատ Հովհաննիսյանի հաղթանակի մասին եւ շատ ուրախացա: Սրտանց շնորհավորում եմ Ազատին ու նորանոր հաղթանակներ մաղթում պրոֆեսիոնալ ռինգում:

Բոլորս էլ հպարտանում ենք Հայաստանի մարզիկների հաղթանակով: Բայց Ազատի այս հաղթանակի մասին տարածված նյութերում, որն անկասկած մի սկզբնաղբյուրից արտագրել են մյուս լրատվամիջոցները, մի բան կա, որն ինձ շատ տխրեցնում է: Շոշափվում է Վախթանգ Դարչինյանի անունը: Գրվում է, թե Ազատ Հովհաննիսյանը հայկական բռնցքամարտի պատվի համար «ռեւանշի հասավ»: Անհեթեթություն է: Այո, Վախթանգը պարտվել է նույն մեքսիկացուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա ցավալի իրողություն է: Սխալ էր 42 տարեկանում, երբ, ըստ էության, ավարտել ես մարզական ակտիվ կարիերադ, համաձայնել կրկին ռինգ մտնել քեզնից 16 տարի փոքր ու գործող մրցակցի հետ: Սա՝ զուտ մարզական առումով:

Բայց ձեւակերպման հեղինակը եւ նրանից արտագրողները առնվազն պետք է տեղյակ լինեին, որ բռնցքամարտելը պրոֆեսիոնալների մասնագիտությունն է, աշխատանքը, որ նրանք դրանով են գումար վաստակում, հաճախ՝ նաեւ կարիերան ավարտելուց հետո: Երկրորդը, որ ամենացավալին է, հայկական բռնցքամարտի «պատիվը փրկելն» է:

Ինչպե՞ս կարելի է նման բան գրել, մի հայ բռնցքամարտիկի տեղական նշանակության հաղթանակը արժևորելու համար խաղալ էլիտար բռնցքամարտում բացառիկ արդյունքներ արձանագրած հայ բռնցքամարտիկի հեղինակության հետ: Այդ ձեւակերպման հեղինակին ինչպե՞ս չհարցնեմ. տեղյա՞կ ես, թե Վախթանգ Դարչինյանը հայկական եւ համաշխարհային բռնցքամարտին, ընդհանրապես հայկական սպորտին որքան պատիվ է բերել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համեմատելու ոչ մի եզր չկա: Այսօր համացանցը ամեն հնարավորություն տալիս է: Բաց արա եւ կարդա, համաշխարհային բռնցքամարտի վիճակագրությանը ծանոթացիր: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհում, սկսած 1920 թվականից, քանի՞ բռնցքամարտիկ կա, որ աշխարհի բացարձակ չեմպիոն է դարձել՝ միաժամանակ կրելով WBA, WBC, IBF ամենահեղինակավոր վարկածների գոտիները, իսկ իրեն պատկանող չորրորդ գոտուց կամավոր է հրաժարվել:

Մատների վրա կարելի է հաշվել: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդներ Ռոկկի Մարչիանոյի. Մոհամեդ Ալիի, Ջո Ֆրեյզերի, Ջորջ Ֆորմանի, Մայք Թայսոնի, Էվանդեր Հոլիֆիլդի, Լենոկս Լյուիսի, Ռոյ Ջոնսի անունները ոչինչ չե՞ն ասում: Վախթանգի անունը նշված է նրանց կողքին:

Քանի՞ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ կա աշխարհում, որ տարբեր քաշային կարգերում չեմպիոնական ութ գոտի է նվաճել՝ ութում էլ նոկաուտով հաղթելով գործող չեմպիոններին: Տեղյակ չե՞ս, որ 2008 թվականին Քրիստիան Միհարեսի նկատմամբ 9-րդ ռաունդում նոկաուտը ճանաչվել է տարվա լավագույն նոկաուտ:

Գիտե՞ս, որ սկսած 2008 թվականից Վախթանգը Ավստրալիայում ի վնաս իրեն բազմաթիվ բարդություններ հաղթահարելով միշտ ռինգ է մտել Հայաստանի դրոշով ու հաղթելով ծածանել է Հայոց Եռագույնը, կազմակերպիչներին պարտադրել է հայտարարել՝ Հայաստան, Վանաձոր: Այսպես կարելի է երկար շարունակել: Վիկ Դարչինյանը երբեք հայկական բռնցքամարտի պատիվը չի գցել, որ հետո մեկ ուրիշը գա ու փրկի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Առավոտ.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով