ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ս. Ավետիսյանից ու Ա. Խաչատրյանից ստացված հաղորդումների հիման վրա:
Այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 31.08.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով ամբաստանյալ Ս. Ավետիսյանը հայտնել է, որ իրեն մեղսագրվող արարքների հետ որևէ կապ չունի, իսկ խոստովանական ցուցմունքները տվել է իր նկատմամբ գործադրված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների հետևանքով:
Մասնավորապես, Ս. Ավետիսյանը հայտնել է, որ բերման ենթարկվելուց հետո ոստիկանության Վեդիի բաժնում պաշտոնատար անձինք ծեծի են ենթարկել իրեն, հայհոյանքներ տվել՝ պահանջելով խոստովանական ցուցմունքներ տալ իր և գործով մյուս մեղադրյալների վերաբերյալ: Մեկ այլ ՀՀ քաղաքացի` գողությունների կատարման մեջ մեղադրվող Ա. Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հաղորդում է տվել, որ 23.08.2017թ.-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է, որ երկու անգամ անասնագողություն է կատարել, սակայն ոստիկանության մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով խոստովանել նաև այլ` իր կողմից չկատարված հանցագործություններ:
Ա. Խաչատրյանը հայտնել է նաև, որ երբ ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են հարցաքննության արձանագրությունը, կրկին ծեծի են ենթարկել իրեն և հարկադրել ստորագրել այն: Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: