Նոր մանրամասներ «Հին թոնրատան» կրակոցներից

Загрузка...

Սեպտեմբերի 26-ին Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետում կրակոցներ էին հնչել, որից հետո իրավապահները բերման էին ենթարկել «Հին թոնրատուն» արագ սննդի կետի տնօրեն, 43-ամյա Հրաչյա Առաքելյանին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղի ունեցած կրակոցներից մանրամասներ են հայտնի դարձել, թե որտեղից է սկսվել վիճաբանությունը:

ժամը 21:00-ի սահմաններում «Հին թոնրատուն» արագ սննդի կետի տնօրեն, 43-ամյա Հրաչյա Առաքելյանը իր աշխատավայրում «Ռյոմ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ էր արձակել՝ այս կերպ խախտելով հասարակական կարգը:

Դեպքի հաջորդ օրը իրավապահները նրան Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետից բերման էին ենթարկել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնել էին, որ Հրաչյա Առաքելյանը բացատրություն է տվել, որից հետո ազատ արձակվել: Եւ դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում:

Ավելին՝ հայտնել էինք, որ Հրաչյա Առաքելյանը երգչուհի Լիդուշիկի` Լիդա Առաքելյանի հայրն է, որը հայտնի է որպես թաղային հեղինակություն` Ղզղըզ մականունով: Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հնչած կրակոցներից մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես միջադեպին ականատես մարդկանցից մի քանիսը պատմեցին, որ դեպքից մի քանի օր առաջ Հրաչյա Առաքելյանը գազային ատրճանակ է ձեռք բերել, այն տարել, գրանցել է իր անունով: Ու երբ զենքը գրանցել է, մտածել է, թե արտոնյալ է եւ ինչ ուզում է, կարող է անել:

Տեղեկացանք, որ սեպտեմբերի 26-ին Հրաչյա Առաքելյանը ընկերների հետ երեկոյան գնացել է իրեն պատկանող օբյեկտ՝ հաճելի ժամանակ անցկացնելու: Տղամարդիկ հարբում են, ու սկսվում է «կռիվ կինոն», որի պատճառը եղել են շները: Պարզվում է՝ թոնրատան աշխատակիցները սննդի կետի թափոնները սովորաբար լցնում են շենքի հետնամասում: Բնականաբար սննդի մնացորդների վրա հավաքվում են փողոցային կենդանիներ:

Թոնրատան կետի տնօրեն Հրաչյա Առաքելյանը, որ իր ընկերների հետ ընթրելիս է եղել հարազատ օբյեկտում, զայրացել է շների բարձրացրած աղմուկից եւ փորձել նրանց հեռացնել տարածքից: Նա իր օրինական զենքով սկսել է աջ ու ձախ կրակոցներ արձակել: Ահա այդ ձայները շրջակա միջավայրի մարդկանց մոտ կարծիք է ստեղծել, թե այնտեղ ծեծկռտուք է ու կրակոցներ: Ու այդ ահազանգերի հիման վրա ՀՀ ոստիկանները նրան սեպտեմբերի 27-ին բերման են ենթարկել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հրաչյա Առաքելյանը իրավապահներին սկզբում ասել է, թե քաղաքում չի եղել, ապա փոշմանել է եւ խոստովանել, թե գինովցած է եղել, չի գիտակցել՝ ինչ է անում: Ավելին՝ նա ասել է, թե որեւէ մեկին վնասելու ցանկություն չի ունեցել, ընդամենը օդ է կրակել: Ահա այսպես՝ մի գազային ատրճանակը դարձել է պատմություն սեփականատիրոջ գլխին: Իսկ ի՞նչ փուլում է գտնվում այս գործը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ հետաքննությունը շարունակվում է: Ու, ամենայն հավանականությամբ, քրեական գործ չի էլ հարուցվի, քանի որ շների ուղղությամբ անվնաս գազային կրակոցը դժվար թե քրգործի հիմք դառնա:

Համենայնդեպս իրավապահների՝ մինչ այս ունեցած տրամադրությունները գործընթացը տանում են այնտեղ, որ ամեն ինչ ավարտվի առանց քրգործի եւ լուրջ պատիժների:

Ամբողջական հոդվածը ̀  այստեղ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...