«Մեծապատիվ մուրացկաններ» կամ թղթով «բոմժերը»

 Մարզերից եկած պատգամավորները կարող են դիմել ԱԺ աշխատակազմ՝ Երևանում վարձով իրենց բնակարանների համար 100 հազար դրամ փոխհատուցում ստանալու: Խնդիրը կարգավորված է «ԱԺ կանոնակարգ» օրենքով:

Առհասարակ Սահմանադրությունը, օրենքները ստեղծվում են բանական, ռացիոնալ իրավիճակների համար՝ ռիսկայնության կամ ֆորս-մաժորային իրավիճակները հաշվի առնելով: Օրինակ՝ երբ Սահմանադրությունը բացառում է պատգամավորական ու բիզնես գործունեությունների համատեղումը, բանական մտածողությունը ենթադրում է, որ եթե պատգամավորական մանդատի չարաշահման դեպք արձանագրվի, ապա այն անմիջապես կարժանանա իրավական գնահատականի:

Սակայն, օրինակ, Արևմուտքում իրավական հետևանքներից ավելի՝ նախարարները, պատգամավորները զգուշանում են հանրային կարծիքից, քաղաքական սկանդալի կիզակետում հայտնվելու հեռանկարից: Նման մի սկանդալի հետևանքով Ֆրանսուա Ֆիյոնը զրկվեց բարձր վարկանիշից, գրեթե երաշխավորված հաղթանակից Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Արևմտյան քաղաքական մշակույթի համար օրենք խախտելը հավասարազոր է հասարակական պարսավանքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրային կարծիքը մեր քաղաքական դասի համար արժեք չունի, ըստ այդմ՝ նրանց գործունեությունը չի ենթադրում իրավական ու բարոյական տաբուներ: Բիզնես ունեցողները թքած ունեն սահմանադրական սահմանափակումների վրա և իրենց կեղտոտ փողերով մանդատը գնում են այնպես, ինչպես որևէ արգելված ապրանք ձեռք կբերեն «սև շուկայում»:

Իրականում Հայաստանում ձևավորված հակասահմանադրականության, իրավական նիհիլիզմի պատճառը մեր էլիտայի քրեական մտածողությունն է, ինչը ենթադրում է կարգավիճակ ձեռք բերել և հարստություն դիզել հասարակության ու պետության թալանի միջոցով:

Երբ մարդը հասկանում է, որ պատգամավորական գործունեությունն ու բիզնեսն անհամատեղելի են, սակայն ամեն գնով տիրանում է մանդատի, սա քրեական մտածողության դրսևորում է, որովհետև նա պետությունից գողանում է կարգավիճակ, լիազորություն: Երբ բիզնեսներ ունեցող պատգամավորը՝ թեկուզ օրենքով սահմանված կարգով, բյուջեից ամսական հարյուր հազար դրամ է վերցնում Երևանում տուն վարձելու համար, ապա դա ևս քրեական մտածողության դրսևորում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատկերացրեք՝ Վարդան Ղուկասյանը, ով Գյումրիում ունի շքեղ տուն, հյուրանոց,  շրջում է ուղեկցող մեքենաներով, մնացել է աղքատ  պետության հարյուր հազարի հույսին, որպեսզի մայրաքաղաքում տուն վարձի: Նույնը վերաբերում է երկու ՀԷԿ ունեցող Վարդևան Գրիգորյանին կամ Սպիտակի տրիկոտաժի ֆաբրիկայի սեփականատեր Վանիկ Ավետիսյանին:

Ճակատագրի հեգնանքով նրանք բոլորը Հայաստանի ամենաօլիգարխիկ կուսակցության՝ ԲՀԿ անդամներ են: Նրանցից որևէ մեկին այդ հարյուր հազարը պետք չէ, դրա կարիքը նրանք չունեն, բայց սովորել են բոլոր հնարավոր միջոցներով պետությունից փող քամել՝ «շնից մազ պոկելը քյար է» տրամաբանությամբ՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ հարյուր հազար դրամի երեսն ամիսներով չեն տեսնում հազարավոր ընչազուրկ ընտանիքներ: Դա նույնն է, որ ինչ-որ մեկը, հագուրդ տալով իր քրեական մտածողությանը, մտնի թոշակառուի, կարիքավորի գրպանը:

Նույն գողությունն է, պարզապես մեր պատգամավորների մոտ «թղթով» ամեն ինչ նորմալ է: Մեծահարուստ ոմանք պատգամավոր դառնալու համար «թղթով» «բոմժ» են դառնում, մյուսները հարյուր հազարի համար՝ «մեծապատիվ մուրացկան»:

 

 

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով