Հայաստանում մտահոգված են, Վրաստանում՝ կարծես ոչ այնքան. «Հայոց Աշխարհ»

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. Ջավախքի Գումբուրդո գյուղի հայ բնակչության վրա Վրաստանի ոստիկանության հատուկ ջոկատայինների հարձակումը, հաջորդող զարգացումներով հանդերձ, շարունակում է մնալ մեր հասարակական, քաղաքական, բնականաբար նաեւ՝ պետական եւ հոգեւոր շրջանակների ուշադրության կենտրոնում:

Մինչ այժմ հնչած տեսակետների շարքում գերակշռում է այն վարկածը, որ դա կարող էր նախապատրաստված սադրանք լինել, ինչպես Վրաստանում սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ կապված, այնպես էլ՝ թուրք-ադրբեջանական շրջանակների կողմից՝ հայ-վրացական հարաբերությունները փչացնելու նպատակով: Բայց նախքան այդ վարկածին վերաբերող դիտարկումները, առանձնացնենք այս թեմայի շուրջ երեկ արձանագրված առավել էական զարգացումները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԸ մասնավորապես նշել է. «Խնդիրը հետեւյալն է:

Գումբուրդո գյուղի եկեղեցու շրջակայքում ամփոփված են եղել ննջեցյալներ: Վերջին շրջանում վերանորոգման շինարարական աշխատանքներ են իրականացվել, որոնց ընթացքում գերեզմանները քանդվել եւ ննջեցյալների աճյունները շինարարական մնացորդների հետ տեղափոխվել են այլ վայր: Տեղեկանալով այս մասին՝ գյուղացիները երեք տասնյակից ավելի պարկերի մեջ հավաքել են աճյունները եւ ամփոփել եկեղեցու տարածքում՝ ցանկանալով նաեւ վերահուղարկավորման վայրում կանգնեցնել խաչքար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խաչքարի տեղադրումն արգելվել է իրավապահների կողմից, ինչը այս տհաճ միջադեպի պատճառ է դարձել եւ որոշակի լարվածություն առաջ բերել»: Հարցին, թե ի՞նչ քայլեր են կատարվում ստեղծված անցանկալի իրավիճակը հարթելու նպատակով, Մայր Աթոռի ներկայացուցիչը պատասխանել է. «Նախ կուզենք տեղեկացնել, որ խաչքարի տեղադրման հարցը երկար ժամանակ է, որ բերված է վրաց կողմի ուշադրության:

Այս կապակցությամբ ինչպես վրաց իշխանությունների, այնպես էլ Վրաց եկեղեցու ներկայացուցիչների հետ քննարկումներ են տեղի ունեցել Վիրահայոց թեմի ներկայացուցիչների մակարդակով: Հարցն արծարծվել է նաեւ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի հանդիպմանը: Վիրահայոց թեմի առաջնորդը շարունակում է հանդիպումները վրացական իշխանությունների եւ եկեղեցու ներկայացուցիչների հետ՝ հանդարտության մեջ խնդիրը բարվոք լուծման առաջնորդելու եւ լարվածությունը թուլացնելու համար:

Հույս ունենք, որ վրաց իշխանությունների, Վրաց Ուղղափառ Եկեղեցու եւ հայոց թեմի համատեղ ջանքերով խնդիրը կկարգավորվի եւ Գումբուրդոյի մեր ժողովրդին հնարավորություն կընձեռվի, ազգային ավանդույթի համաձայն, պատշաճ հարգանք դրսեւորել իրենց ննջեցյալների նկատմամբ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դե ինչ, Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումն ու մոտեցումները միանգամայն հստակ են, ողջամիտ եւ ընկալելի, միաժամանակ՝ նպատակաուղղված խնդրի երկուստեք ընդունելի լուծմանն ու վրացական իշխանությունների, կոնկրետ՝ ոստիկանության բռի ու վայրենի պահվածքով բորբոքված կրքերը հանդարտեցնելուն:

«Հայոց Աշխարհ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով