Կան մասնագիտություններ՝ ընդմիջում տան, չեն կարող վերականգնել. Վազգեն Մանուկյանը` տարկետման խստացման մասին

Հանրային խորհուրդը դեռեւս չի քննարկել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգաիճակի մասին» ՀՀ օրենքը, սակայն խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տարկետման խստացումն ամեն դեպքում կարող է վնաս հասցնել, քանի որ կան մասնագիտություններ, որոնց ուսուցումը պետք չէ ընդմիջել:

-Պարո՛ն Մանուկյան, խորհրդարանը ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ, որով փաստորեն խստացվում է տարկետման իրավունքը, ինչը ուսանողների շրջանում դժգոհություն է հարուցել: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի շուրջ: Հանրային խորհրդում քննարկում անցկացրե՞լ եք:

-Այստեղ մի հարց կա, որ վերիջն 20 տարվա ընթացքում քննարկվում է. ուսանողներին բանակ տանել կամ չտանելը ուսմանը խանգարո՞ւմ է, թե՞ չի խանգարում: Դա, իհարկե, կարեւոր հարց է: Ես չգիտեմ՝ փաստաթղթով վերջնական ինչ լուծում է տրվել, բայց այդ հարցը արժի քննարկել, եւ մենք հանրային խորհրդում կքննարկենք: Մնացած հարցերը, կարծում եմ, որ ստանդարտ հարցեր են, եւ առանձնապես քննարկելու հարցեր չկան: Իսկ դա վիճահարույց է եղել: Կան մասնագիտություններ, որոնք, եթե ընդմիջում տան, հետո չեն կարող վերականգնել: Օրինակ՝ դաշնակահարը, ջութակահարը եւ նման այլ մասնագիտություններ: Մնացած մեծամասամբ մասնագիտություններից բանակից վերադառնալուց հետո ավելի հասուն եւ ավելի լավ կարող են կրություն ստանալ: Բայց ես կրկնում եմ, որ դրանք քննարկելու հարցեր են, որոնք մենք դեռ չենք քննարկել:

-Պարո՛ն Մանուկյան, խորհրդարանում քննարկման ժամանակ տեսակետ հնչեց, թե շատերը հենց ակադեմիական կրթություն են ստանում՝ բանակից խուսափելու համար:

-Մեր երկիրը էս վիճակում է. մեր սերունը, մեզնից շատ փոքրերը ապրիլյան պատերազմի ժամանակ ցույց տվեցին, թե ինչպես են ծառայում իրենց պետությանը, իսկ Դուք ասում եք՝ մարդիկ գնում են սովորելու միայն բանակ չգնալու համար: Դե, գիտեք,թող գնան բանակ, ինչ ա եղել: Եթե էդպիսի մարդիկ կան, որ ակադեմիական կրթություն պետք է ստանան միայն բանակ չգնալու համար, ես միայն ամոթանք կարող եմ տալ նրանց: Որովհետեւ մարդ կա, կարող է ստանալ ակադեմիական կրթություն, որովհետեւ իրեն պետք է այդ կրթությունը, եւ մարդ կա, որ պետք է գնա բանակ եւ ծառայի իր ժողովրդին:

-Բայց, ըստ Ձեզ, գիտությանը վնաս չի՞ հասցվի:

-Ես ասում եմ՝ կան ասպարեզներ, որոնց պետք է զգույշ վերաբերել: Հատուկ պետք է ցուցակ նշել կամ այլ տարբերակ մտածել: Դա մասնագետների հետ կապ ունի:

-Պարո՛ն Մանուկյան, Սերժ Սարգսյանն օրեր առաջ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարեց մշակել բանակի արդիականացման նոր՝ 7-ամյա ծրագիր: Եվ խնդիր դրեց ՀՀ պաշտպանության նախարարության առջեւ, որ 7 տարի հետո պետք է ունենալ բացառիկ մակարդակի, նոր որակի բանակ: Ի՞նչ պետք է արվի Ձեր կարծիքով: Ինչի՞ պետք է հասնենք:

-Ես շատ դրական եմ վերաբերվում, որ, իսկապես, պետք է արդիականացնել: Դա ոչ թե մեկ կամ երկու տարվա համար պետք է արվի, այլ անընդհատ պետք է արդիականացնել: Եթե դու գործ ես անում, էդ գործերը չես կարող ասել՝ էս տարի մի բան կանեմ, տեսնեմ՝ հաջորդ տարի ինչ եմ անելու: Բնական է, որ պետք է պլանավորես 5, 7, 10, 20 տարով: Շատ դրական բան է: Դե, ուրեմն 2 ամիս հետո արդիականացման վերաբերյալ որ լինի, չեմ իմանում՝ հանրային խորհուրդը ինչպես, բայց ես՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, իմ կարծիքը կարող եմ ասել, կարող եմ խորհուրդներ տալ: Բայց հիմա, քանի որ չգիտեմ՝ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ոչինչ ասել չեմ կարող:

-Պարո՛ն Մանուկյան, Սերժ Սարգսյանն էլ իր խոսքում նշեց, որ ոչ կանոնադրային հարաբերությունները բանակում միշտ խնդիր է եղել, ինչը կա նաեւ հիմա: Վերջերս նորից զինվորի սպանության եւ ինքնասպանության դեպք գրանցվեց: Ինչո՞ւ այդ խնդիրները չեն վերանում: Ի՞նչն է պակասում:

-Իհակե, այստեղ կարգապահության, սպաների մակարդակի հարց կա, բայց մյուս կողմից էլ ընդհանրապես, մեր մեջ ասած, եթե 10 հազարավոր երիտասարդներ իրար հետ նույն տեղում են, միշտ էլ ինչ-որ հարաբերություններ են ստեղծվում, որոնք ոչ մի օրենքով չես կարող նախատեսել: Ես գտնում եմ, որ դրա դեմ պետք է պայքարել, բայց համարում եմ, որ դա շատ դժվար խնդիր է: Դրա դեմ պետք է պայքարել. տարբեր երկրներում կան միջոցառումներ, տարբեր ձեւերով են անում: Էնպես չէ, որ դա որեւէ մեկը դիտավորյալ է անում, կամ հեշտ ձեւ կա, որը չեն օգտագործում: Եվ շատ բաներ կախված են, իհարկե, ոչ միայն բանակից, այլ նաեւ ընդհանուր հասարակության հոգեբանությունից, հասարակական զարգացումից:

–Սերժ Սարգսյանը նաեւ խոսեց ռազմական ծախսերի կտրուկ աճի մասին:

-Հայաստանում տիրող իրավիճակը պահանջում է, որ իսկապես ծախսերը ավելանան, բայց ցանկալի կլինի, որ ոչ թե մյուս ասպարեզների աղքատացման հաշվին, այլ զարգացման հաշվին: Ես կարծում եմ՝ բոլորը ամեն ինչ հասկանում են, այդ թվում նաեւ՝ իշխանությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/746293/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով