Ինքնաբացարկների շքերթն սկսված է

ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում համայնքների մեծ մասում առաջադրված թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել կամ էլ ետ են վերցրել փաստաթղթերը՝ ընտրապայքարում մենակ թողնելով ՀՀԿ-ական թեկնածուներին:

Ինքնաբացարկ հայտնած ֆիկտիվ թեկնածուները հիմնականում անկուսակցական են եւ ինքնառաջադրված։ Այս հնարքը մշտապես կիրառվում է ՏԻՄ ընտրություններում, երբ համայնքի ղեկավարի ռեալ թեկնածուի դեմ այլընտրանքային որեւէ թեկնածու է առաջադրվում, սակայն կեսից լքում է ընտրապայքարը:

Ինքնաբացարկ են հայտնել, մասնավորապես, Ապարան համայնքում առաջադրված «Գնթունիք» ՍՊԸ-ի ավագ հաշվապահը՝ ընտրապայքարում մենակ թողնելով նույն ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն ՀՀԿ-ական Կարեն Եղիազարյանին, ինչպես նաեւ Սուսեր, Այնթապ, Այգավան, Ավշար, Արարատ, Արտաշատ, Դարակերտ, Ջրահովիտ, Ծովինար, Ձորագյուղ, Ալավերդի, Բերդ, Մարգահովիտ, Ստեփանավան, Սարչապետ, Տաշիր, Ակունք, Բյուրեղավան, Եղվարդ, Մեղրաձոր, Չարենցավան, Ջրվեժ, Կապան համայնքներում առաջադրված թեկնածուները, այնպես որ, հիշյալ համայնքներում հիմնականում մեկ թեկնածու է մասնակցելու ընտրապայքարին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ճամբարակում ինքնաբացարկ է հայտնել առաջադրված երեք թեկնածուներից մեկը՝ ինքնառաջադրված Թթուջուր համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Վիգեն Սահակյանը: Մյուս երկուսն առայժմ կշարունակեն մրցապայքարը:

Վարդենիսում առաջադրված հինգ թեկնածուներից երկուսն ինքնաբացարկ են հայտնել, որոնցից մեկին՝ Սմբատ Սիմոնյանին, առաջադրել էր ԲՀԿ-ն, մյուսն ինքնառաջադրվել էր: Անիում ինքնաբացարկ է հայտնել առաջադրված յոթ թեկնածուներից մեկը՝ Ձիթհանքովի նախկին գյուղապետը: Ենթադրվում է, որ հիմնական մրցակցությունն այս համայնքում կընթանա ԲՀԿ-ի կողմից առաջադրված Հակոբ Աղաբեկյանի եւ Մարալիկ համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանի միջեւ:

Ախուրյանում առաջադրված վեց թեկնածու կա, վեցն էլ կշարունակեն պայքարը: Նրանցից մեկը ԲՀԿ-ի կողմից է առաջադրվել, մյուսներն ինքնառաջադրվել են, կատաղի մրցապայքարը երաշխավորված է: Ախթալայում առաջադրվել է երեք թեկնածու, որոնցից մեկին՝ հիշյալ համայնքի ղեկավար Հայկազ Խաչիկյանին (վերջերս բանտից ազատված Վազգեն Խաչիկյանի եղբորը), ՀՀԿ-ն է առաջադրել: Ակնկալվում է, որ հիմնական մրցակցությունը տեղի կունենա նրա եւ Ճոճկան համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Արկադի Թամազյանի միջեւ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ալագյազ եզդիական համայնքում էլ մրցելու են առաջադրված 5 թեկնածուները, որոնցից երեքը խոշորացված նախկին համայնքների ղեկավարներ են: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կին թեկնածուները, ինչպես երեւում է ԿԸՀ կայքից, չնչին տոկոս են կազմում:

Առաջադրված կին թեկնածուներից են Օձուն համայնքում ինքնառաջադրված Դոնարա Հախինյանը, Գեղաքարում՝ համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Կարինե Մարտիրոսյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ական Զոյա Գեւորգյանը՝ Շատջրեք համայնքի նախկին ղեկավարը:

 

 

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով