Վերջերս լրացավ հայ թատրոնում իր ուրույն տեղն ունեցող դերասան, սցենարիստ և ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան 92-ամյակը: Նա խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն հյուսիսից», «Տժվժիկը», «Տերն ու ծառան»: Նշվածներից երկուսի ՝«Տժվժիկ»-ի, «Տերն ու ծառան»-ի, սցենարի հեղինակը ևս Մանարյանն է: Նա սիրով համաձայնեց հարցազրույց տալ:
-Պարոն Մանարյան, բոլոր մեծերը ուսուցիչ են ունեցել, իսկ ո՞վ է եղել Ձեր ուսուցիչը:
-Ծնողներս, նրանք երկուսն էլ դերասաններ էին: Նրանք իրանահայ բեմում ճանաչված էին որպես Մանար ամուսիններ: Նախկինում դերասանները հավաքվում էին և իրենց տներում էին փորձեր անում, ներկայացումներ տալիս ընդ որում մեկ անգամ:Հազվադեպ էր լինում, որ մեկ ներկայացումը մի քանի անգամ խաղային: Մանկուց ես այդ ամենը տեսել եմ, և երբ փորձերը սկսվում էին, ես և եղբայրս՝ Արամը, նստում էինք և սկսում նայել ներկայացումները:
-Հիշում ե՞ք ձեր առաջին քայլերը բեմում…
– Երբ աչքերս բացել եմ այդ եմ տեսել, այդպիսով դժվարանում եմ ասել, որն է առաջինը, որը ՝երկրորդը: Նախկինում, երբ ծնողներս փորձեր էին անում, երբեմն ես հուշարար էի լինում, առանց հուշարար նրանք փորձեր չէին անում, թերևս ամենաթանկ հուշերիցս մեկը Փափազյանի հուշարարը լինելն է:
-Ո՞րն է ձեր կերտած ամենասիրելի կերպարը:
– Դժվար է ասել…Թերևս բոլորին քաջ ծանոթ Երվանդի կերպարը «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից, որը ինձ հետ նույնացրել են: Նույնիսկ այն ժամանակ վիճելի խնդիր առաջացավ՝ որոշել էին կերպարի անունը Երվանդ Խրիստաֆորիչ թողնել՝ իմ հայրանվամբ, հետո ասացին, որ պետք է գնանք Ռուսաստանից հարս բերենք: Այ, դա չընդունեցի, հրաժարվեցի նկարահանվել: Բայց միևնույն է, որոշեցին, որ ով էլ կերտի այդ դերը՝ կերպարի անունը չեն փոխի: Ես մտափոխվեցի և խաղացի այդ դերը:
-Նախկինում եղե՞լ է այնպիսի մտավախություն, որ հանդիսատեսը ճիշտ չի ըմբռնի ձեր գրած սցենարները:
-Լինում է, ինչու ոչ,բայց եթե նման բան է լինում, հանդիսատեսը մեղավոր չէ, ուրեմն ես պետք է ինձ փոխեմ: Այնպես պետք է անել, որ և՛ քո ուզածը ստացվի, և՛ հանդիսատեսը հասկանա, հավանաբար, դրամատուրգիայի մեջ դժվար լուծելի խնդիրներից մեկը հենց դա է:
-Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ թատրոնը, թե՞ կինոն:
-Միանշանակ թատրոնը: Ես թատրոնից եմ կինո գնացել, ընդ որում, գնացել եմ եղբորս համար և պարզվեց, որ շատ չեմ տարբերում թատրոնը կինոյից: Առաջինը,որում նրա խնդրանքով հանդես եկա, «Կարինե» ֆիլմում լուսանկարչի կերպարն էր: Ես ինձ շատ ազատ եմ զգացել կինոյում, ինչպես թատրոնում,հավանաբար, դա հենց հաջողության գրավական եղավ:
-Զուգահեռներ անցկացնենք այսօրվա և նախկին ստեղծագործած դերասանների միջև: Փոխվե՞լ են արդյոք, կա՞ն տարբերություններ:
-Կան իհարկե, ժամանակները փոխվում ու իրենց հետքն են թողնում կերտողի վրա, դերասանն էլ այդ կերտողներից մեկն է: Մեր ժամանակի կերտողը մեր դերասաններն են, նրանք են, որ այսօրվա բարքերը պետք է բեմ հանեն:
-Ձեր խոսքը երիտասարդ սերնդի դերասաններին:
-Դերասանությունը մեծ նվիրում է պահանջում, իսկ նվիրումն առանց զոհողությունների չի լինում: Որևէ մարդ, եթե թեկուզ մի չնչին բան զոհաբերում է, միայն հարգանքի է արժանի, որովհետև նա վերցնում է ավելի քիչ, քան տալիս է և լինում է այնպես, որ հաճախ տալիս է և ոչինչ չի ստանում: