Ետ են պահանջել Ֆիլադելֆիայի հայ համայնքի հանգանակած 1200 դոլարը կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի կինը՝ Մարիամ Գրիգորյանը, վիրավորանքից տեղը չի գտնում։ Ֆիլադելֆիայում ապրող ինչ-որ Հելենա խաղացել է երիտասարդ այրու զգացմունքների հետ։ Մարիամը պատմում է՝ Հովսեփի զոհվելուց հետո Ֆիլադելֆիայի հայ համայնքը 1200 դոլար էր հանգանակել եւ ուղարկել։

Ինքը շոյվել է ամերիկահայերի վերաբերմունքից, հասկացել, որ կորստի ցավը միայն իրենը չէ, որ տառապանքի եւ նեղության պահին բազմաբեկոր ազգն իրեն ու իր նմաններին մենակ չի թողնում։ Հանկարծ թակում են դուռը։ Անծանոթը, որ ներկայանում է «բարերար» Հելենայի տատիկ-պապիկի ներկայացուցիչ, ետ է պահանջում 1200 դոլարը, որ համայնքը հանգանակել եւ մեկ տարի առաջ ուղարկել էր որպես օժանդակություն։

«Անկեղծ ասած՝ զարմացա, բայց ինձ թույլ էլ չտվեցի հարցնել, թե ինչու են ետ ուզում։ Վերադարձրի։ Իմ ամուսնու թափած արյան վրա ես գումարային խոսակցություններ չեմ անում, ամոթ է, վիրավորական է։ Նրա արյան կաթիլն անգամ անարգած կլինեի, եթե հարցուպատասխանի բռնվեի հետը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարիամը նույնիսկ չի էլ ցանկացել խայտառակ այս դեպքի մասին բարձրաձայնել։ Բայց հետո հասկացել է, որ բարի սամարացի ներկայացող ստահակի մասին բոլորը պետք է իմանան։ Առաջին հերթին Ֆիլադելֆիայում ապրող այն հայերը, որոնք մասնակցել են հանգանակությանը:

 «Հրապարակ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով