««Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն կաթվածահար է արել մեր տնտեսությունը». գործարար

Загрузка...

Գործարար Տիգրան Եղոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն իրենց պատկանող տարածքում ապօրինություններ է կատարում՝ փորձելով խափանել իրենց ծրագրի իրականացումը։

«Լիբանանից եկած Օհանես Ստեփանյանը Վայոց Ձորում իրականացնում է ծրագիր, որն արժանացել է նաև կառավարության ուշադրությանը։ Մենք զբաղվում են հայկական լեռնաշխարհին հարիր կենդանիների բուծմամբ։

Ունենք մոտ 500 գլուխ հայկական մանր եղջերավոր անասուններ և այծի տեսակներ, որոնք այսօր Հայաստանում միայն մենք ունենք, և ոչնչացման շեմին են գտնվում։ Թվում էր, թե ամեն ինչ հարթ է։ Տեղը ընտրել էինք Վայոց ձորի Շատին համայնքը, Եղեգիս գետի ափին։ Սակայն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, որն իրականացնում է ծրագիր՝ հենասյուների նոր կառուցում, կատարեց ոտնձգություն՝ սեփականտիրոջ իրավունքը խախտելով՝ ավերեց այդ ողջ տնտեսությունը, և այսօր տնտեսությունը գտնվում է կաթվածահար վիճակում»,- հայտարարեց գործարարը։

Եղոյանն ասաց, որ իրենց պատկանող մոտ 7 հեկտար հողատարածքից 3 հեկտարն այսօր գտնվում է քանդված վիճակում. ««Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մեր սեփական տարածքում կառուցում է հենասյուն, 200 քմ տարածքի համար մենք համաձայնություն տվեցինք օտարելու, սակայն հետևանքը եղավ այն, որ խոշոր տեխնիկան սկսեց այդ տարածքը քանդել, որի հետևանքով քարերը գլորվեցին անասնագոմերի վրա՝ կաթվածահար անելով տնտեսությունը։

Բազմիցս նրանց ասել ենք, որ, եթե քանդել եք, պետք է պատասխան տաք։ Քանի որ աղմուկ բարձրացավ, Եղեգնաձորի ոստիկանապետը փորձեց «Բարձրավոլտի» և մեր միջև ծագած վեճը հարթել։ Նրանք խոստացան, որ այդ ամենը կկարգավորեն, բայց ոչինչ տեղի չունեցավ»։

Եղոյանի խոսքով՝ ընկերությունից ասում են, թե ունեն համայնքի թույլտվությունը. «Շատին համայնքի նախկին գյուղապետը, որն այսօր խոշորացման հետևանքով նորից թեկնածություն է առաջադրել՝ համայնքի ղեկավար դառնալու համար, ընկերության հետ միասին, Շատինի բնակիչ համարվող Առաքել Խուդոյանի հետ  հանցավոր պայմանագիր է կապել, թե իբր այդ տարածքը տնօրինում է Առաքել Խուդոյանը, որը տվել է համաձայնություն, որ այնտեղ սկսեն այդ ավերածությունը։ Մենք դա բողոքարկել ենք, այս պահին գործը գտնվում է դատական վարույթում։

Դիմել ենք կառավարությանը, վարչապետին՝ խնդրելով այս գործում կանգնել գյուղացու կողքին։ 15 օր է մնացել, որ արոտավայրերից անասուններին բերենք, բայց ճանապարհ չունենք, դա մի հզոր տնտեսություն է, որ Հայաստանում բուծում ենք այն կենդանիները, որոնք ոչնչացման եզրին են գտնվում։ Դատարանում բարձրավոլտի ղեկավար պարոն Բաղդասարյանը հայտարարեց, թե քաղաքում իրեն բոլորն են ճանաչում, և իր խոսքը գործ է։ Մենք ուզում ենք հավատալ դրան։ Նա խոստացավ կարճ ժամկետում այդ հարցին լուծում տալ, սակայն նրանցից որևէ մեկը բանակցությունների չնստեց»։

Նա հավելեց, որ Եղեգիս գետի վրա ընկերությունը մոտ 19 հէկ է կառուցել, ինչի մասին ինքն անձամբ տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին.

«Նախարարն ասաց, որ 9 հէկ է կառուցվել այնտեղ, բայց վստահեցնում եմ, կարող եմ նաև տանել, ցույց տալ, որ 19 հէկ է։ Այսօր այդ գետը դարձել է առվակ»։

 

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...