Երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 17։20-ի սահմաններում՝ գլխի ճակատային շրջանում։ Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետեւանքով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում ականատես վկաներ։ Զինծառայող Հ.Ավետիսյանը զինակիցների կողմից անմիջապես տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալ, սակայն ճանապարհին մահացել է:
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքից օրեր առաջ զինծառայողի հետ վիճաբանել եւ բռնություն է կիրառել նույն զորամասի մեկ այլ զինծառայող։
Ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային։ Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: