Ամենահետաքրքիր հարցը Սարգսյան-Ալիև Ժնևյան հանդիպումից. «Ժամանակ»

Ամենահետաքրքիր հարցերից մեկը, որ առաջացնում է նախօրեին տեղի ունեցած Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը, այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպե՞ն ևս մեկ անգամ՝ մինչև 2018 թվականի ապրիլ, երբ Սերժ Սարգսյանը վայր է դնելու նախագահական մանդատը, և առաջին դեմք լինելու է նա, ով կզբաղեցնի Հայաստանի վարչապետի պաշտոնը:

Սերժ Սարգսյանը հավակնում է այդ պաշտոնին, և ինքն անձամբ էլ չի թաքցնում, որ իրադարձությունների որոշակի զարգացումը կարող է ենթադրել նման սցենար: Սակայն առայժմ այդ ամենն անորոշ է, ըստ այդմ էլ հետաքրքիր է՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը վերջի՞նն էր, թե՞ ոչ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հանդիպման մասին Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշվում էր, որ նախագահները արտահայտել են բանակցությունն առաջ մղելու պատրաստակամություն, սակայն չէր նշվում, որ նրանք հայտնել են դրա համար անհրաժեշտության դեպքում կրկին հանդիպելու պատրաստակամություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018 թվականի ապրիլին մնացել է ընդամենը վեց ամիս, իսկ հաշվի առնելով այն, որ Սարգսյան-Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել գրեթե մեկուկես տարի առաջ, կարող ենք ասել, որ վեց ամիսը, մեղմ ասած, այնքան էլ մեծ ժամկետ չէ:

Ըստ այդմ՝ միգուցե սխալվելու շատ քիչ հավանականություն կլինի այն պնդման մեջ, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է լինել վերջինը: Համենայնդեպս, եթե չլինի իրադարձությունների, այսպես ասած, ֆորս-մաժորային զարգացում, Ժնևի հանդիպումից դատելով, այդ թվում և հայ համայնքի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարություններից դատելով՝ նախագահները Ժնևում ըստ էության, այսպես ասած, որոշակիորեն համաձայնեցրել են գալիք վեց ամիսների ընթացքը՝ մինչև Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտը:

Սակայն ինչ է լինելու դրանից հետո՝ հարցը բաց է: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ հենց այդ հարցն է եղել նաև հանդիպման առանցքային շոշափվող թեմաներից մեկը, որովհետև հնարավոր է աչքը փակել և բացել, ու Ղարաբաղյան գործընթացում վեց ամիսն արդեն անցած է, և առաջ է գալիս հարց, թե ո՞վ է լինելու բանակցողը Հայաստանից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներկայումս երևի թե այդ հարցի պատասխանի տարբերակները ավելի քննարկելի են Ղարաբաղյան գործընթացում, քան որևէ այլ տարբերակ, որը կարող է առնչվել հակամարտության այս կամ այն դիտանկյանը:

 

Մուսա Միքայելյան

 «Ժամանակ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով