Շներին կրակելու «առեղծվածը». բնակիչներն ահազանգում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Գիշերային ժամերին մայրաքաղաքում շներին կրակելու տխրահռչակ մեթոդը շարունակվում է: «Դինգո թիմ» ՀԿ–ն Երևանի տարբեր համայնքների բնակիչներից ահազանգեր է ստացել, որ գիշերվա ժամերին եկել ու կրակել են իրենց բակում գտնվող շներին:

«Կան մարդիկ, ովքեր պատուհանից տեսել են, բայց մինչև հասել են ներքև, կենդանուն այլևս չեն կարողացել փրկել: Միայն ֆիքսել են, որ կենդանու դին դրել են մեքենայի մեջ, որտեղ էլի շների դիակներ են եղել: Նրանց մեջ եղել են շներ, որոնք ունեցել են խնամողներ ու մեր կազմակերպության հատուկ վզկապներն են կրել: Նրանց հետ կապված ոչ մի խնդիր չի եղել: Ստացվում է՝ քաղաքով պարզապես պտտվում են ու ամեն պատահած շանը կրակում»,–«Փաստ»–ի հետ զրույցում պատմեց «Դինգո թիմ» ՀԿ–ի համակարգող Գոհար Մանուշակյանը:

Վերջինս օրինակ բերեց. «Զեյթունում իմ կողմից խնամվող շների ոհմակ կար: Կենդանիները պատվաստված էին, էգերն էլ՝ ստերիլիզացված: Ադեկվատ ու հանգիստ շներ էին, որոնց ամբողջ Զեյթունում կերակրում էին: Բայց մոտ 10–15 օր առաջ Զեյթունի շատրվանների մոտ՝ ժամը 23:40–ին եկել ու կրակել են այդ շներին: Նախ՝ անընդունելի է, որ կենդանուն սպանում են: Մենք քաղաքապետարանին զգուշացրել ենք, որ հատուկ վզկապներով շները մեր պատասխանատվության տակ են: Բացի այդ, ո՞վ է թույլ տալիս բնակելի վայրում զենք օգտագործել: Գիշերվա ժամերին էլ կարող է մարդ լինել փողոցում: Ոչ ոք ապահովագրված չէ, որ կենդանուն ուղղված զենքի փամփուշտը իրեն չի վնասի: Այստեղ մարդու ապահովության խնդիր ունենք և հետո` արդեն կենդանու»:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ կրակողների վերաբերյալ որևէ տեղեկություն կամ ահազանգ կա՞:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կան բնակիչներ, ովքեր ասում են, որ «Յունիգրաֆ իքս»–ի մեքենան են տեսել: Ինքս չեմ տեսել՝ նման բան չեմ կարող պնդել, ապացույց չունեմ՝ նրա՞նք են, թե՝ ոչ: Բայց եղել են դեպքեր, երբ բնակիչները հարցրել են՝ ո՞վ եք, ինչո՞ւ եք նման բան անում, առանց վախենալու ասել են, որ քաղաքապետարանից հրաման ունեն, ոստիկանությունն էլ տեղյակ է: Այսինքն՝ միանշանակ քաղաքապետարանի կողմից վարձած մարդիկ են: Մասիվում լամինատի գործարան կա, որտեղի շանն էլ են կրակել: Պահակը հարցրել է՝ ո՞վ եք, ասել են՝ քաղաքապետարանի կողմից ենք եկել»,– ասաց «Դինգո թիմ»–ի համակարգողը:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, սակայն, իրենց ուղղված մեղադրանքը մերկապարանոց հայտարարություն որակեց:

«Երևանի քաղաքապետարանը շների ստերիլիզացման, քնեցման և նման այլ ծառայությունների համար մրցույթ է հայտարարում: Հաղթողը «Յունիգրաֆ իքս»–ն, որն էլ հենց կատարում է այդ աշխատանքը: Քաղաքապետարանը նման աշխատանք չի իրականացնում: Տվյալ կազմակերպությանը դիմեք ու հարցրեք՝ արդյոք կրակո՞ւմ են, թե՝ ոչ: Քաղաքապետարանը կրակողներ չունի: Ասելով չի, փաստերով կարո՞ղ են ապացուցել»,– նշեց Արթուր Գևորգյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքապետարանը հարցի պատասխանատվության սլաքն ուղղեց դեպի «Յունիգրաֆ իքս»–ի կողմը: Իսկ այդ ընկերության լրատվության պատասխանատու Լիլիթ Գևորգյանը համոզված չէ, որ քաղաքում կրակոցներ են հնչում:

«Իրոք համոզված չեմ, որովհետև կենդանասերները պարբերաբար նման անհիմն հայտարարություններ են տարածում: Երկրորդ՝ «Յունիգրաֆ իքս»–ի աշխատակիցները չեն կրակում: Կենդանիները վնասազերծվում են բացառապես քնեցման եղանակով: Իսկ եթե անգամ կան այդ կրակոցները, դա մեզ հետ ընդհանրապես առնչություն չունի, քանի որ մեր կողմից կենդանիները վնասազերծվում են քնեցման եղանակով: Կենդանիների մի մասին էլ ստերիլիզացնում ու բաց ենք թողնում»,– ասաց Լիլիթ Գևորգյանը:

Ի դեպ՝ «Դինգո թիմ»–ը հարցի առնչությամբ բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով պաշտոնապես պատասխանել հետևյալ հարցին. տեղյա՞կ է, արդյոք, ոստիկանությունը այդ գիշերային կրակոցներից:
Գոհար Մանուշակյանը հայտնեց, որ բաց նամակի առումով դեռ արձագանք չկա:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից փորձեցինք պարզել՝ տեղյա՞կ են խնդրից ու ի՞նչ ընթացք են տվել:
«Եթե մարդիկ բաց նամակով դիմել են, իրենց պատասխանը կլինի, դուք էլ կիմանաք»,– ասացին ոստիկանությունից:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով