Պավել Ֆելգենհաուեր․ Հյուսիսային Կորեայի հետ պատերազմը գրեթե անխուսափելի է

Հյուսիսային Կորեայի հետ պատերազմը գրեթե անխուսափելի է։ RFI-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել «Նոր թերթի» ռազմական տեսաբան Պավել Ֆելգենհաուերը։

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն հույս ունի միջուկային զսպման ռեժիմի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ։ «Կա նման հիպոթեզ, որ եթե դու միջուկայն զենք ունես, ապա դու բացարձակ անվտանգության մեջ ես, ոչ ոք չի համարձակվի քեզ դիպչել։ Դա պատրանք է, բայց նրանք ըստ երեւույթին հավատում են դրան։ Նրանք ձգտում են վախեցնել ամերիկացիներին։ Սա միջուկային շանտաժ է, որպեսզի ԱՄՆ-ն նրանց հետ բանակցություններ սկսի, նրանց անվտանգության երաշխիքներ տա, վերացնի պատժամիջոցները»։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռականորեն կհրաժարվի Փհենյանի հետ միջուկային զսպման հարաբերություններ սկսելուց, ու հիմա պատերազմը գրեթե անխուսափելի է։ «Ութսուն տոկոս հավանականություն կա։ Խնդիրն այն է, թե ով է մեղավոր լինելու, ով է լինելու ագրեսորի դերում։ Եթե ամերիկացիները Փհենյանի հետ ոչ մի զգալի բանակցություններ չվարեն, ապա կավելացնեն ճնշումը ու հնարավոր է ՝ շրջափակումը։ Այսինքն այնքան կճնշեն մինչեւ հյուսիսկորեացիները ինչ-որ հարցում սխալվեն ու որեւէ սադրանք իրականացնեն, որը հնարավոր կլինի ագրեսիա որակել։ Իսկ դրանից հետո ամերիկացիները, ունենալով լավ պատրվակ, կոչնչացնեն Հյուսիսային Կորեան»,- նշում է փորձագետը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա համարում է, որ եթե ԿԺԴՀ-ն հիմա նահանջի՝ համաձայնի զինաթափվել միջազգային հսկողության տակ, այդ դեպքում նրանց կթույլատրեն շնչել։

Ըստ փորձագետի՝ Հյուսիսաին Կորեան կարող է իր տեխնոլոգիաները վաճառել բոլոր նրանց, ով փող ունի։ «Հյուսիսային Կորեան միշտ իր արածները վաճառում է բոլոր ցանկացողներին՝ թե միջուկային, թե հրթիռային տեխնոլոգիաներն աջուձախ վաճառում է:  Կարող է վաճառել օրինակ Սաուդյան Արաբիային, Ալժիրին։

Վերջին հաշվով՝ առաջիկա տարիներին դա կարող է հայտնվել ահաբեկչական կազմակերպության ձեռքերում՝ կամ հենց նրանց այդ զենքը կվաճառեն, կամ էլ ծայրահեղական կազմակերպությունները կարող են իշխանության գալ մի երկրում, որը մինչ այդ Հյուսիսային Կորեայից գնած կլինի հրթիռ- միջուկային տեխնոլոգիաները։ Դա կրոնական խնդիր չէ, ինչպես ասում է ռուսական ԱԳՆ-ն, դա համաշխարհային խնդիր է։ Եթե նրանց հանգիստ թողնեն, ապա մի քանի տարի հետո մենք կունենանք տասը- տասնհինգ միջուկային տերություններ։ Ընդ որում նրանցից մի քանիսը բավականին բռնապետական ու անկայուն»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

News.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով