Ուշագրավ զարգացումներ զինծառայողի ինքնասպանության գործով. ինչ են պատմել ծառայակիցները, և ինչ տարաձայնություն է ունեցել հարազատների հետ

Загрузка...

Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի ինքնասպանության գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Մեզ հասած տեղեկություններով` իրավապահները հարցաքննության են հրավիրել վերջինիս ընտանիքի անդամներին եւ մտերիմ ընկերներին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կապիտանի մտերիմ ընկերները իրավապահներին հայտնել են, որ դեպքից առաջ Անդրանիկ Մկրտչյանին չեն կարողացել գտնել, զանգահարել են բջջային հեռախոսին, սակայն նա տեւական ժամանակ չի պատասխանել զանգերին, ինչը նրանց մոտ կասկածներ է առաջացրել:

Ավելին, իրավապահ մարմիններն այս օրերին հարցաքննության են կանչում կապիտանի ընտանիքի անդամներին, քանի որ վարկածները տանում են դեպի այն ուղղությունը, որ երիտասարդ կապիտանը դեպքից օրեր առաջ լուրջ խոսակցություն է ունեցել ընտանիքի անդամների հետ, ինչն էլ չի բացառվում, որ կապված լինի նրա այս քայլի հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում կապիտանը իր առանձնասենյակում ծնոտի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել եւ մահացել: Ըստ տեղեկությունների` կապիտան Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան է եղել: ArmLur.am-ին տեղեկություններ էին հասել, որ կապիտանը ամիսներ առաջ Երևան քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի մասնակից է եղել և ՀՔԾ-ի կողմից ներգրավվել է որպես մեղադրյալ:

մասնավորապես պարզել էինք, որ մայիսի 7-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում` Արևելյան խոհանոցի մոտակայքում ծեծկռտուք է եղել: Մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՃՈ աշխատակիցների` Արտակ Սարգսյանին և Զոհրապ Գալստյանին: Մասնակիցներից մեկը եղել է հենց կապիտան Անդրանիկ Մկրտչյանը, ինչպես նաև Վահե Ասատրյանը, Հովհաննես Թադևոսյանը և այլք: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` ծեծկռտուքի հրահրողները եղել են ՊՆ աշխատակիցները, իսկ մյուս կողմում ՃՈ աշխատակիցներ են եղել:

Նրանք նախ բռնություն են կիրառել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների նկատմամբ, այնուհետև դեպքի վայր ժամանած մյուս ոստիկանների նկատմամբ։ Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա դեպքից առաջ գրություն է թողել` թե ոչ մեկին չմեղադրեք:

Իսկ լրատամիջոցների հրապարակումների համաձայն` Անդրանիկ Մկրտչյանի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. աշնանը պատրաստվում էր ամուսնանալ, ուներ սիրած աղջիկ, լավ ծնողներ, սիրած աշխատանք, լավ ընկերներ, հարգված և սիրված էր բոլորի կողմից: Անդրանիկ Մկրտչյանը քառօրյա պատերազմի ժամանակ ապրիլի 2-ից մինչև մայիսի 7-ը գտնվել է Թալիշում, ստացել է մեդալ և պատվոգիր: Հավելենք, որ վերջինիս ինքնասպանության դեպքից հետո հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեկան օրենսգրքի 110 հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

 

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...