«Ուզում ես, որ քո երկրի ղեկավարությունը ունենա բարձր ճաշակ, տխրում ես նրանից, ինչը նրանք խրախուսում են». «Առավոտ»

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կիսում է մի խումբ մտավորականների կարծիքը, որ վաստակավորի կամ ժողովրդականի կոչումները խորհրդային տարիներից մնացած ծիծաղելի ավանդույթ է:

«Բայց քանի որ Հայաստանը չի հրաժարվել դրանից, այնուամենայնիվ, քաղաքականության գործառույթներից մեկը խրախուսելն է այնպիսի վարքագծեր, որոնք ուզում ես, որ շարունակվեն ու շատանան, բերեն պտուղներ ապագա տարիներին: Ցավոք սրտի, վերջին տարիներին ռաբիս ու ռեստորանային երգիչներին, միջին ու փոքր բեմերի երգիչներին բերել հրապարակ ու ներկայացնել խրախուսանքի արժանի վարքագիծ, մշակույթի ճյուղ, սա ուղղակի անթույլատրելի է

… ակնհայտորեն երկրի իշխանություններին դուր են գալիս նրանք, որոնք, այսպես ասած, թիմի անդամ են, սպասարկում են այդ թիմին, իրենց ծառայությունները մատուցում են այդ թիմին՝ կլինի դա ընտրարշավ կամ այլ միջոցառում: Արդյունքում մի վատ պատկեր է գծագրվում, երբ ուսումնասիրում ես վերջին տարիների պարգեւատրումները, ընտրվում են մեկ-երկու արժանավորներ, որոնց կոչումի հետ կապված առարկություն չունես, բայց դրա քողածածկույթի տակ տեսնում ես խնամի-ծանոթ- բարեկամով կամ մեզ անհայտ մատուցված ծառայությունների դիմաց ստանում են այդ կոչումները »,-Aravot.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ այսօր՝ անկախության օրվա առիթով, Սերժ Սարգսյանը արվեստի մի շարք գործիչների վաստակավոր արտիստի կոչումներ է շնորհել: Վաստակավորների թվում են երգիչներ Արամեն, Մհերը, Սիրուշոն, «Կարգին սերիալի» Մկոն եւ ուրիշներ:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ կամ պետք է հանվեն այս պարգեւները, կամ էլ իսկապես արժանավորներին խրախուսել այդ պարգեւներով. «Կարծիքները միշտ կարող են տարբեր լինել, բայց համենայնդեպս, եթե նույնիսկ որոշումը չհամարես հիմնավորված կամ անհասկանալի, պետք է այն ծիծաղելի չլինի:

Բայց սա արդեն ծիծաղելի չէ, նախկինում մարդիկ զվարճանում էին, այսօր արդեն ցավալի է, որովհետեւ նախ ուզում ես, որ քո երկրի ղեկավարությունը ունենա բարձր ճաշակ, տխրում ես նրանից, ինչը նրանք խրախուսում են: Ուզում ես, որ նրանք թեկուզ այդ փոքրիկ, խորհրդանշական քայլով, բայց խրախուսեն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն, այն ճյուղերը, որոնցում պոտենցիալը մեծ է, բայց ներդրումներ չեն եղել երբեւէ, բայց համարվում են բարձր մշակույթ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավոտ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով