Նախագահը մասնակցել է Հայաստան-սփյուռք համաժողովի աշխատանքային խմբի խորհրդակցությանը

Загрузка...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է տարբեր ուղղություններով թեմատիկ քննարկումներից մեկին՝ Համահայկական խորհրդի ստեղծման և Հայաստան-սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերին նվիրված աշխատանքային խմբի խորհրդակցությանը: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-սփյուռք համաժողովի աշխատանքային խմբի խորհրդակցությանը

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով կրկին ողջունում եմ ձեզ: Այժմ հանդիպել ենք արդեն մի շատ հստակ հարցադրում քննարկելու համար: Այն է՝ Համահայկական խորհրդի ստեղծումը և այդ համատեքստում ընդհանուր առմամբ Հայաստան-սփյուռք գործակցության ապագան:

Ազգային միասնությունը, իհարկե, շատ կարևոր նպատակադրում է, որը մշտապես գտնվում է յուրաքանչյուր ժողովրդի օրակարգում: Անվիճելի է, որ ընդհանուր ուժերի կենտրոնացումը և այդպիսով եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն անհրաժեշտ է ամեն մի ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար:

Սա հատկապես կարևոր հարցադրում է այն ժողովուրդների համար, որոնք սփռված են աշխարհով մեկ: Հայերի պարագայում դրա պատճառը եղել է մեր դեմ իրականացված ցեղասպանությունը և բռնաճնշումները:
Սփյուռքում ծնվելը, ապրելը և գործելը չի եղել այստեղ ներկա գտնվող մարդկանց նախնիների ազատ ընտրությունը: Այն եղել է նրանց հանդեպ իրագործված պարտադրանքի, բռնության, հայրենազրկման ոճրի արդյունք:

Այդ պայմաններում հայերիս համար համազգային միասնության և արդյունավետ համագործակցության կազմակերպման ձևի հարցը մշտապես եղել է օրակարգում: Այն հատկապես սուր է եղել անկախ պետականության բացակայության և ազգային-պետական ինստիտուտների լիարժեք կայացած չլինելու պատճառով:
Գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանում և սփյուռքում ապրող հայ մտավորականների համար դա մշտապես եղել է ամենակարևոր հարցերից մեկը: Սակայն նաև պարզ է, որ աշխարհում տիրող սուր գաղափարական բաժանումը բացարձակապես չէր կարող նպաստել այդ տեսլականի իրագործմանը:

Այսօր՝ Հայաստանի անկախության պայմաններում, մենք արդեն ունենք կայացած պետականություն՝ ավելի բարենպաստ վիճակում ենք այս և նման խնդիրներին անդրադառնալու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Համահայկական միասնության և կազմակերպական ձևի հարցի քննարկման, դրա լուծումների փնտրտուքի շատ հարուստ և բազմաբնույթ փորձ ենք կուտակել, որին, կարծում եմ, այստեղ անդրադառնալու կարիքը չկա: Սակայն անցած ճանապարհից, անշուշտ, կարելի է կատարել մի շարք եզրակացություններ:

Առաջին եզրակացությունը, իմ կարծիքով, այն է, որ յուրաքանչյուր ժողովրդի ամենակարևոր և ամենակենսունակ ինքնակազմակերպման ձևը ժամանակակից ազգային պետությունն է: Հայաստանն այսօր այդպիսին է՝ դրան բնորոշ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, որոնք, ի թիվս այլ կարևոր գործառույթների՝ այսօր հավուր պատշաճի պաշտպանում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ազգային-պետական շահերը և անվտանգությունը:

Այո՛, Հայաստանի պետությունը թերևս կատարյալ չէ, բայց կան բոլոր հիմքերն այն ամրապնդելու, բարեփոխելու և ավելի լավը դարձնելու համար: Ուստի, ինչ կառույց էլ ստեղծենք, այն գալու է փոխլրացնելու, զորավիգ լինելու Հայաստանի պետականությանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները վկայեցին, որ մեր պետությունը պատրաստ է և կարող է ստանձնել առաջնորդողի դերը: Ավելին, այդ առաջնորդությունը սպասված էր նաև սփյուռքում:
Երկրորդը. ինչ կառույց էլ ստեղծենք, այն կոչված չի՛ լինելու փոխարինելու կամ մրցակցելու սփյուռքում արդեն գոյություն ունեցող կազմակերպական կառույցներին: Այս գործընթացի նպատակը ոչ թե արդեն ավանդաբար ձևավորված կառույցների փոխարեն մի նոր կառույց ստեղծելն է, այլ արդեն գոյություն ունեցող կառույցների, սփյուռքի վառ և ճանաչված անհատ ներկայացուցիչների համար ընդհանուր հարթակ ձևավորելը:

Անշուշտ, մենք պետք է գիտակցենք, որ աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենահզոր ռեսուրսը հայ մարդն է՝ իր վառ անհատականությամբ: Ավելին, այդ վառ անհատականություններն ապրում են աշխարհի ամենատարբեր պետություններում՝ հանդիսանալով դրանց լիիրավ և նվիրյալ քաղաքացիներ:

Թող ոչ ոք չմտածի, որ հնարավոր է կամ կարիք կա ստեղծելու կենտրոնաձիգ, բրգաձև ինչ-որ մի համահայկական կազմակերպություն: Բնավ ո՛չ: Դրա կարիքը բացարձակապես չկա: Նման հարցադրում կատարելը ոչ միայն իրատեսական չէ, այլև, կարծում եմ, վնասակար է:
Հաշվի առնելով հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը, իմ կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել ցանցային կառույց՝ հիմնված նորարար մոտեցումների վրա: Այդ աշխատանքային ցանցում անհրաժեշտ է ապահովել գաղափարների ազատ փոխանակման և ընդհանուր ծրագրերի մշակման լավագույն հնարավորությունները:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք մոտենում ենք շատ կարևոր հանգրվանի: 2018 թվականի մայիսին տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները: Կարծում եմ, որ դա լինելու է ամենապատեհ և խորհրդանշական առիթը վերջնական որոշում ընդունելու համար:

Այսքանը՝ որպես այս նիստի ներածություն և իմ մոտեցումների ընդհանուր ուրվագիծ: Արդեն երկար ժամանակ այս հարցի շուրջ ծավալուն աշխատանք է կատարում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Այժմ խոսքը փոխանցում եմ Ձեզ, պարո՛ն Հարությունյան: Խնդրեմ, ներկայացրեք Ձեր կատարած աշխատանքի արդյունքները, և այդպիսով մեկնարկ տանք մտքերի փոխանակմանն ու քննարկմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...