Մասիսի քննիչներն ու ոստիկանները կարճ ժամանակում բացահայտեցին «Քաջ Նազար» հացատան բակում կրակոցների հեղինակին, Lexus-ի մեջ հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգը

Загрузка...

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մաիսիս քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 13-ին, գիշերը ժամը 01։00-ի սահմաններում Նորամարգ գյուղի վարչական տարածքում գտնվող «Քաջ Նազար» հացատան բակում տեղի ունեցած վիճաբանության և արձակված կրակոցների փաստով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ գործողությունների շնորհիվ Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 58-ամյա Նիկոլայ Բաբայանն ու 47-ամյա Ստեփան Թորոյանը։

Մասիսի քննչական բաժնի քննչիների կողմից կատարած հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Քաջ Նազար» հացատանը Ն. Բաբայանը վիճաբանել է Հովտաշեն գյուղի բնակիչ Գառնիկ Գալստյանի, նրա 2 ընկերների հետ, որից հետո հայհոյանքներ տալով՝ Ն. Բաբայանը հեռացել է հացատան տարածքից և որոշ ժամանակ անց վերադարձել՝ ձեռքին ունենալով ինքնաձիգ ու այդ ժամանակ Ն. Բաբայանը անկանոն կրակոցներ է արձակել, մինչև որ Գ. Գալստյանը կարողացել է Ն. Բաբայանի ձեռքից խլել ինքնաձիգը, որից հետո վերջինը դիմել է փախուստի։

Քննչական բաժինը պարզել է նաև, որ դեպքից 1 օր անց Ն. Բաբայանի ընկեր Ս. Թորոյանը վերադարձել է հացատուն, բանակցություններ վարել Գ. Գալստյանի հետ, ով էլ ինքնաձիգը հանձնել է Ս. Թորոյանին, որից հետո վերջինս ավտոմեքենայով հեռացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի որոշման հիման վրա Ս. Թորոյանին պատկանող Lexus մակնիշի 99 DD 303 համարանիշի ավտոմեքենան զննվել է, որտեղ բեռնախցիկում հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ՝ պահունակով՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտով։

Քննիչի որոշմամբ Ն. Բաբայանը ձերբակալվել է, իսկ Ս. Թորոյանը բնակության վայրը չլքելու պայմանով ստորագրությամբ ազատ է արձակվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ և հետախուզական համատեղ գործողություններ՝ Գ. Գալստյանի մյուս ընկերների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...