«Հայկական ժամանակ»-ում հրապարակված «Քաղաքացին դատի է տվել Եկեղեցուն»նյութի առնչությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը թերթին տվել է հետեւյալ պարզաբանումը:
«Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախկին աշխատակից Տաթեւիկ Գրիգորյանի կողմից գումարի բռնագանձման պահանջի մասին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) դեմ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված հայցադիմումը վերաբերում է իր աշխատավարձի վերջնահաշվարկի գումարի չափի վիճարկմանը, քանի որ վերջինս, ըստ իր ներկայացված հայցադիմումի, համաձայն չէ կատարված հաշվարկների հետ:
Սույն թվականի փետրվարի 27-ին նա դիմում էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` խնդրելով տրամադրել տեղեկանք 02.05.2013-21.03.2016 թթ. ընկած ժամանակահատվածում իր աշխատավարձի չափի եւ կատարված վճարումների վերաբերյալ:
Դիմումին, ըստ ընդունված կարգի, պատասխանվել է, տեղեկացվել է, որ հիշյալ վերջնահաշվարկի գումարը կազմում է 10.046 (տաս հազար քառասունվեց) ՀՀ դրամ, որը դեպոնացվել է: Այդ գումարը ցանկացած ժամանակ նա կարող է ստանալ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հաշվապահությունից: Սակայն այժմ գումարի չափը նրա կողմից վիճարկվում է: Այս է իրողությունը»:
«Հայկական Ժամանակ» թերթ