Կրակոցներից վիրավորվածը երկար ժամանակ շրջում էր թիկնազորով, զրահապատ մեքենայով. «ՀԺ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Սերժ Սարգսյանը նախագահության երկրորդ ժամկետում խոստանում էր կառուցել ավելի ապահով Հայաստան, իսկ ՀՀԿ-ն ԱԺ վերջին ընտրություններում՝ «անվտանգություն եւ առաջընթաց», Հայաստանում անպատժելիության մթնոլորտը գնալով ավելի է խորանում, եւ զենքով հարցեր լուծելու, վրեժխնդրության դրսեւորումները դարձել են սովորական:

Ընդ որում, տարբեր քրեական հեղինակությունների միջեւ զինված մարտերն ընթանում են անարգել՝ Հայաստանի քաղաքներում, անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում: Երեկ՝ օրը ցերեկով, Երեւանում՝ Վերնիսաժի տարածքում, ՀՀ-ում Լեհաստանի եւ Ճապոնիայի դեսպանատների, իշխող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գրասենյակների հարեւանությամբ, կրակում էին:

Վիրավորներից մեկը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմից է: Ինչպես հայտնի է՝ Ալավերդի քաղաքում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում: Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը: 2015-ի սեպտեմբերին՝ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո «ռազբորկաներից» մեկի ժամանակ Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին՝ Էդվարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին, սպանեց: Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանն էլ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին:

Եւ ահա երեկ կրակեցին Վահագնի ուղղությամբ, բայց սպանվեց թիկնապահը: Ու կարելի է ասել, որ կրիմինալը երեկ հերթական ապտակը հասցրեց իրավապահ համակարգին՝ ցույց տալով, որ ինքն է իրադրության տերը: Իհարկե, նրանց այս անարգել խրախճանքը պատահական չէ. նույն քրեական տարրերն ընտրություններին աշխատում են իշխանությունների համար, եւ որպես փոխհատուցում արտոնություններ ստանում»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին` թերթի այսօրվա համարում:

Երեկ Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մեկ հոգի սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Սպանվածն ու վիրավորն Ալավերդի քաղաքից են: Սպանվել է 1974 թվականին ծնված Գագիկ Մոսինյանը, իսկ վիրավորվել է 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանը:

Այս դեպքերից առաջ Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը շրջել է իր զրահապատ «Համեր» մեքենայով, նրան միշտ երկու մեքենայով ուղեկցել են թիկնապահները:

Վահագն Աբգարյանը Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանի թիմից է եղել: 2015 թվականին Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Վահագն Աբգարյանը սատարել է ՀՀԿ-ի թեկնածուին՝ Կարեն Փարեմուզյանին: Ընտրություններից 5 ամիս անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ արձակվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ: Դրանից օրեր առաջ էլ Վահագն Աբգարյանը Վարդան Փիրուզյանին էր ծեծել իր տան շքամուտքում։

2016 թվականի մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով սպանվել էր 41-ամյա Վարդան Ավագյանը, իսկ 34-ամյա Էդուարդ Պողոսյանին տեղափոխել էին հիվանդանոց: Վերջինս մայիսի 21-ին մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Փիրուզյանի տան մերձակայքում՝ Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում: Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Վարդան Փիրուզյանը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2017 թվականի հունիսի 13-ին, օրը ցերեկով անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Կամո Փիրուզյանը Վարդան Ավագյանին եւ Էդուարդ Պողոսյանին սպանելու համար հետախուզվող Կարեն Փիրուզյանի եղբայրն էր: Ըստ էության՝ նրան սպանել են եղբոր կատարած սպանությունների վրեժը լուծելու համար: Հետագայում պարզվեց, որ Կամո Փիրուզյանին էլ սպանել է 26-ամյա Վլադիմիր Դավթյանը:

2017 թվականի հունիսի 13-ից ընդամենը երեք ամիս անց արդեն Երեւան քաղաքի կենտրոնում փորձեցին սպանել Վահագն Աբգարյանին, որն այժմ «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատվում է:

ՀՀ քննչական կոմիտեն armtimes.com-ին տրամադրել է տեղեկատվություն Լոռու մարզում վերջին տարիներին տեղի ունեցած 3 ծանր հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող գործերի մասին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են երեկ Երեւանի կենտրոնում սպանված եւ վիրավորված անձանց հետ:

Երեւանում երեկ Լոռու մարզի երկու բնակչի նկատմամբ կատարված զինված հարձակման համատեքստում տարբեր լրատվամիջոցներ շրջանառում են 2015-2017 թթ. Լոռու մարզում զենքի գործադրմամբ տեղի ունեցած 3 դեպքերը։ Հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը եւ կարեւորելով հանրության ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացվել են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողություններ, որոնց արդյունքում բացահայտվել են դրանք՝ պարզվել առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, քրեական գործերով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Այսպես՝

1. 2015 թվականի հոկտեմբերի 11–ին ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի կամրջի մոտ կրակոցներ են արձակվել ընթացքի մեջ գտնվող «Համեր» եւ «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, եւ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է։ Պարզվել է, որ հոկտեմբերի 11–ի երեկոյան՝ 20։30–ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ Վ. Անտոնյանն իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթեւեկելիս, տեսել է նույն մարզի բնակիչ Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի եւ նրա ընկերոջ` Ա. Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաները։

Վ. Անտոնյանը հետապնդել է նրանց, ապա հասնելով Ալավերդի–Թբիլիսի ավտոճանապարհի 16–րդ կիլոմետրի հատվածին՝ Ախթալա քաղաքի կամրջի վրա, նախապես իր հետ վերցրած ինքնաձիգից, Վ. Աբգարյանին սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող երկու ավտոմեքենաների վրա, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. կրակոցները դիպել են «Համեր» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին։

Պարզվել է նաեւ, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենայում դեպքի պահին իրականում գտնվել է ոչ թե սեփականատերը, այլ՝ վերջինիս ընկերը՝ Էդուարդ Պողոսյանը, սակայն ուշ ժամ լինելու եւ ավտոմեքենայի ապակիները մգեցված լինելու պատճառով Վ. Անտոնյանը չէր նկատել, որ Վ. Աբգարյանը ավտոմեքենայի մեջ չէ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ. Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34–104–րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետով (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2016 թվականին ուղարկվել է դատարան:

2. 2016 թվականի մայիսի 19–ին՝ ժամը 4:30–ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքով մի երիտասարդ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի մայիսի լույս 19–ի գիշերը Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի 22–րդ շենքի բակում կրակոցներ են արձակվել Էդուարդ Պողոսյանի եւ Վարդան Ավագյանի ուղղությամբ։

Ստացած հրազենային վնասվածքներից Վարդան Ավագյանը տեղում մահացել է, իսկ Էդուարդ Պողոսյանը՝ ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։ Ապա վերջինս տեղափոխվել է «էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ էլ նույն թվականի մայիսի 21–ին՝ ժամը 2:30–ին, ստացած հրազենային վնասվածքից մահացել է: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, նախաքննության տվյալներով, դեպքի վայրից փախուստի է դիմել իր վարած «DAEWOO» մակնիշի ավտոմեքենայով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել Վ. Փիրուզյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետով եւ 235–րդ հոդվածի 1–ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է եւ հայտարարվել հետախուզում։ 2016 թվականի մայիսի 23–ից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

3. 2017 թվականի հունիսի 13–ին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են արձակվել Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ մահացել է։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական–օպերատիվ խումբը։ Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ են արձակվել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի ուղղությամբ՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի կողմից։

Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ. Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաեւ՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 26–ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասի եւ 235–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով