Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումը կրակոցներով արգելակելու Ադրբեջանի քայլը գնահատվեց որպես կրակոց ԵԱՀԿ վրա: Ասել, որ այդ գնահատականը տեղին չէ, կլինի սխալ: Իհարկե դա կրակոց է ԵԱՀԿ վրա: Բայց ի՞նչ է ԵԱՀԿ-ն: Այդ հարցը խիստ անորոշ է, որովհետև եթե Ադրբեջանի նման պետությունը կարող է ԵԱՀԿ գրասենյակ փակել Հայաստանում, կնշանակի, որ ԵԱՀԿ-ն այն կառույցն է դարձել, որի վրա կրակելը լիովին արդարացված է քաղաքական տրամաբանության տեսանկյունից:
Բանն այն է, որ Ադրբեջանին «տալով» այդպիսի հնարավորություն, ԵԱՀԿ-ն գործնականում ինքն է իր վրա կրակել: Ադրբեջանցիների կրակոցներում դիտարկման արժանի է մեկ այլ բան: Ո՞րն է իմաստը կենտրոնանալ մի կառույցի ուղղությամբ կրակելու վրա, եթե այդ կառույցը գործնականում արդեն մի քանի տարի դադարել է ինքնին լինել կենսունակ և պրոդուկտիվ միավոր միջազգային հարաբերություններում:
Չինարիի ուղղությամբ դիտարկումը կրակոցներով արգելակելու ադրբեջանական քայլը հայկական դիտանկյունից պետք է ուշադրության արժանանա այլ ուղղությամբ կրակոցի համատեքստում: Խոսքը ՀԱՊԿ մասին է: Կրակել են դիտորդների վրա, թե ուղղությամբ, բայց դա տեղի է ունեցել Հայաստանի սահմանին, այսինքն այսպես ասած ՀԱՊԿ պատասխանատվության գոտում:
Եվ ավելին՝ Ադրբեջանը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում կրակոցով արգելակել է ԵԱՀկ դիտորդական խմբի գործունեությունը այն ժամանակ, երբ Հայաստանում էր ՀԱՊԿ այսպես ասած Հայաստանի ներկայացուցիչ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և քննարկում էր աշնանը տեղի ունենալիք ՀԱՊԿ Վեհաժողովի կազմակերպական հարցեր: Թե էլ ինչ հարցեր էր արդեն պաշտոնական հաղորդագրություններից դուրս քննարկում Խաչատուրովը, հայտնի չէ, սակայն հենց նրա այցի օրերին Ադրբեջանը այդպիսի հանդուգն վարք դրսևորեց ՀԱՊԿ պատասխանատվության գոտում:
Ընդ որում, եթե փորձենք ուշադրությամբ զննել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարների հայաստանյան այցերը, իհարկե առավելապես Բորդյուժայի պաշտոնավարման ընթացքում, ապա կարող ենք արձանագրել, որ այդ օրերին Ադրբեջանը բավական մեծ «ակտիվություն» է ցուցաբերել Հայաստանի ուղղությամբ կրակելու հարցում: Դրանք եղել են մեծ դիվերսիաներ, կամ փոքր կրակահերթեր, էականը դա չէ, այլ այն, որ թիրախում եղել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Այդ տեսանկյունից, Հայաստանում դիտարկել պետք է տվյալ հանգամանքը, ոչ թե այն, որ Ադրբեջանը կրակել է ԵԱՀԿ վրա: ԵԱՀԿ-ն աշխարհաքաղաքական իմաստով իր ներկայիս տեսքով ու կառուցվածքով «օդ» է և գուցե պետք է կրակել այդ կառույցի վրա այնքան, որ այն «մահանա» և դրա փոխարեն ձևավորվի առավել կենսունակ միջազգային միավոր, որի հայաստանյան գրասենյակը փակելը վեր կլինի այնպիսի խանական պետությունից և ռեժիմից, ինչպիսին Ադրբեջանն է:
Այստեղ խնդիրը դիտարկել այն համատեքստում, որ Հայաստանին պետք է պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, հետևաբար մեզ համար թանկ է նաև ԵԱՀկ-ն իր ներկայիս տեսքով, թերևս իրականությունից որոշակի կտրվածություն է: Բանն այն է, որ Մինսկի խմբի եռանախագահությունը գործնականում, դե ֆակտո՝ իրական քաղաքականության ռեժիմում ըստ էության կապ չունի անգամ հենց բուն Մինսկի խմբի հետ: Այլապես Հայաստանի համար թերևս այդքան էլ ոգևորիչ չէր լինի այդ կապը, հաշվի առնելով այդ խմբում Թուրքիայի ներկայությունը:
Հետևաբար, ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան ֆորմատը դե ֆակտո վաղուց արդեն «անկախ աշխարհաքաղաքական» ֆորմատ է, որը այլևս փոփոխության ենթակա լինել չի կարող, եթե այդ երեք կենտրոնները դա չեն ուզում՝ գոյություն ունենա ԵԱՀԿ-ն, թե ոչ: Իսկ եթե այդ կենտրոնները կցանկանան փոխել ֆորմատը, ապա դժբախտաբար այստեղ արդեն Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ կլինեն անզոր:
Հետևաբար, եթե Հայաստանի համար, Արցախի համար աշխարհաքաղաքական առումով թանկ է Մինսկի եռանախագահության ֆորմատը, որովհետև այնտեղ Ֆրանսիան ու ԱՄՆ հակակշռում են տարածաշրջանում և մասնավորապես ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դեստրուկտիվ ներկայությունն ու ռուս-թուրքական գործարքի վտանգը Հայաստանի համար, ապա դա ամենևին չի նշանակում, որ ինքնաբերաբար թանկ է դառնում նաև ԵԱՀԿ-ն:
Իսկ ահա ՀԱՊԿ հանգամանքը իսկապես կարևոր է, քանի որ այստեղ արդեն անմիջականորեն գործ ունենք Հայաստանի պարտականությունների և իրավունքների վտանգավոր դիսբալանսի հետ: Այսինքն, Հայաստանն իր պարտականությունները կատարում է, իսկ ահա ՀԱՊԿ պարտականությունը Հայաստանի հանդեպ մնում է թղթի վրա: Եվ այս հանգամանքը, գործնականում, իրական քաղաքականության ռեժիմում Ադրբեջանի ձեռքին դառնում է խաղաքարտ, ոչ հաղթաթուղթ իհարկե, բայց խաղաքարտ, որը նրան տալիս է առնվազն փոքր մասշտաբներով պարբերաբար խաղարկելու հնարավորություն:
Չինարիի, և ընդհանրապես Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական մեծ ու փոքր կրակոցների խնդիրը Հայաստանի հանրությանը, քաղաքական, փորձագիտական դասին և իշխանությանը պետք է հուզի հենց այդ տեսանկյունից: ԵԱՀԿ մասով հուզվելու կարիք չկա վաղուց: