Թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կան վիրավորներ.

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բրիգադի աշխատակիցների հետ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել հիվանդանոցներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Մարգարիտա Մանուկյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է Ժամանել նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչները:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարան կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով